Բաժիններ՝

Բրայան Սինգերը կմնա «Շիկահեր Սոնյա»-ի ռեժիսորը, չնայած մանկապղծության հետ կապված մեղադրանքներին

Ամերիկացի ռեժիսոր Բրայան Սինգերը կմնա «Շիկահեր Սոնյա»-ի ռեժիսորը, չնայած սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներին։ Millennium Films կինոստուդիան պաշտպան է կանգնել բեմադրողին, հայտարարելով, որ, չնայած սկանդալին, ինքը թույլ կտա նրան նկարահանել ֆիլմը` ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան:

Millennium Films-ի գլխավոր տնօրեն Ավի Լեռները հատուկ հայտարարության մեջ ստահոդ է որակել Սինգերին հասցեագրված պնդումները եւ ընդգծել, որ «Ամերիկայում մարդիկ անմեղ են համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նրանց մեղքն ապացուցված չէ»:

Ավելի վաղ The Atlantic հանդեսը հրապարակել է մի հոդված, որում նշվում է , թե եւս չորս տղամարդ է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել հոլիվուդյան ռեժիսոր Բրայան Սինգերին, որը հայտնի է «Բոհեմական ռապսոդիա», «Իքս մարդիկ» եւ «Սուպերմենի վերադարձը» կինոնկարներով: Պարզաբանվել է, որ հակաիրավական գործողությունները տեղ են գտել, երբ դեռ չէր լրացել տուժածների տասնութ տարին:

«Հանդեսը 12 ամիս բազմաթիվ հայցեր ու մեղադրանքներ էուսումնասիրել Սինգերի նկատմամբ: Ընդհանուր առմամբ մենք դիմել ենք 50 տարբեր աղբյուրների, ներառյալ չորս տղամարդկանց, որոնք ավելի վաղ ոչ ոքի չեն պատմել այն մասին, թե ինչ է իրենց հետ տեղի ունեցել»,-գրում է հրատարակությունը, ճշտելով, որ ռեժիսորին, մասնավորապես, մեղադրում են ինչպես անչափահասներին գայթակղեցնելու, այնպես էլ բռնաբարությունների մեջ:

Տուժածներից շատերը The Atlantic-ի թղթակիցներին պատմել են, որ վերապրածի հետեւանքով իրենք հոգեկան տարբեր խանգարումներ են ունեցել:
2017 թվականի վերջին ռեժիսորին մեղադրել էին Սեսար Սանչես Գուսմանին բռնաբարելու մեջ, երբ վերջինս անչափահաս է եղել: Ռեժիսորի փաստաբանն այն ժամանակ հայտարարել էր, որ իր կլիենտը «կտրականապես մերժում է նմանօրինակ մեղադրանքները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս