Դավիթ Անանյանը ներկայացրել է իր հայտարարագիրը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարգևավճարների աղմկահարույց խնդրի հետ կապված խոստացավ, որ երբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնի իր տարեկան հայտարարագիրը, ամեն ինչ պարզ կլինի։

«Համբերությամբ զինվեք, ես երբ ներկայացնեմ իմ տարեկան եկամուտների հայտարարագիրը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, դուք կտեսնեք իմ բոլոր թվերը»,- ասել էր նա։

Խոստման համաձայն՝ Դ.Անանյանն այսօր էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է գույքի և եկամուտների իր տարեկան հայտարարագիրը։ «Կարծում եմ, որ հայտարարագրում ներկայացված տեղեկատվությունը ավելի քան բավարար է` մեր լրագրող-գործընկերների և, ընդհանրապես, հանրության տեղեկատվական կարիքները բավարարելու համար»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր գրառում է արել ՊԵԿ նախագահը:

Սակայն հայտարարագրում, բնականաբար, Անանյանի եկամուտներն ընհանրացված են ներկայացված։ Ըստ այդմ՝ նա երկու աղբյուրից ստացել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 4 մլն 808 հազար 668 դրամ և 18 մլն 482 հազար 639 դրամ ծավալով։ Կարելի է միայն ենթադրել, որ առաջինը դեռևս ֆինանսների փոխնախարարի պաշտոնում 2018-ի առաջին մոտ 5 ամիսներին նրա ստացած աշխատավարձն ու պարգևավճարներն են, իսկ երկրորդը՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում։

Այսինքն՝ որպես ՊԵԿ նախագահ, եթե հաշվարկենք նաև 13-րդ աշխատավարձ, Անանյանը միջինում ամսական ստացել է 2.3 մլն դրամ, որից՝ աշխատավարձը 793 680 ՀՀ դրամ է (ներառյալ հարկերը)։

Բացի դա Դ.Անանյանը ստացել է շահաբաժին՝ մոտ 14.9 մլն դրամ, այլ եկամուտներ՝ 1,494 եվրո և 6,750 եվրո, 2 գույքի օտարումից՝ 2.5 մլն և 2.4 մլն դրամ։

Բանկային հաշվեհամարներում Դ.Անանյանի կուտակումներն անցած տարվա ընթացքում բավականին աճել են, այսպես՝ տարեսկզբի 1 մլն 650 հազար դրամը տարեվերջին դարձել է 2.1 մլն դրամ, 2500 դոլարը՝ 7000 դոլար, 1500 եվրոն՝ 2000 եվրո։

2018-ին Անանյանը հանձնել է 3 մլն 393 հազար 200 դրամ փոխառություն, որից վերադարձվել է 2մլն 848 հազար դրամը։

Որևէ անշարժ կամ շարժական գույք Դ.Անանյանը չի հայտարարագրել։

Տեսանյութեր

Լրահոս