
Դեսպան Բադալյանի հանդիպում է ունեցել Թուրքմենստանի խորհրդարանի նախագահի հետ

Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 25-ին հանդիպել է Թուրքմենստանի խորհրդարանի՝ մեջլիսի նախագահ Գուլշատ Մամեդովայի հետ (Gulsat Sakhyevna Mammedowa):
Շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մեջլիսի նախագահ Գուլշատ Մամեդովան կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի Թուրքմենստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Դեսպան Գառնիկ Բադալյանը մեջլիսի նախագահին փոխանցել է ՀՀ նորընտիր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները և նշել, որ Հայաստանում բարձր են գնահատում բարեկամ Թուրքմենստանի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերություններն ու դրանց հատուկ նշանակություն տալիս:
Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն ու Թուրքմենստանի մեջլիսի նախագահը քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են 2019թ. առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը:
Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Հիշատակվել է, որ ՀՀ Աժ նախագահներն այցելել են Թուրքմենստան և, որ ուժի մեջ է 2018թ. Թուրքմենստանի մեջլիսի նախագահի՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով հետաձգված այցը Հայաստան: Գուլշատ Մամեդովան շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և նկատի ունենալով, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորվելու են բարեկամության խմբեր, զրուցակիցները կարևորել են դրանց հնարավորինս արագ ստեղծման անհրաժեշտությունը: