
Կոսովոյի ղեկավարը Պուտինին հրավիրել է Պրիշտինա

Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրում է այցով ժամանել Պրիշտինա:
«Ես նրան հրավիրում եմ ժամանել Կոսովո: Կարեւոր է, որ մենք կառուցենք լավ հարաբերություններ, կարգավորենք կապը»,-ասել է նա Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Թաչին հիշեցրել է, որ երկու ամիս առաջ Պուտինի հետ խոսել է Փարիզում:
«Ես ոգեւորված եմ այն շատ անկեղծ եւ կոռեկտ խոսակցությամբ, որը ես Փարիզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցա երկու ամիս առաջ: Նախագահ Պուտինը հայտարարեց, որ եթե Կոսովոն եւ Սերբիան հաշտության համաձայնության հասնեն խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, ապա ինքը կընդունի եւ կպաշտպանի նման փաստաթուղթը: Դա նոր եւ դրական քայլ է»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ «Կոսովոն Ռուսաստանի թշնամին չէ» եւ «նորմալ հարաբերություններ Է ցանկանում որպես երկու ինքնիշխան երկրներ»: