Արմեն Գևորգյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ որևէ նոր ասելիք չունի, քանի որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, և դատարանի որոշումը կհրապարակվի միայն հունվարի 29-ին։
«Որևէ նոր բան չունեմ ասելու, շնորհակալություն»,- նշեց Արմեն Գևորգյանը և անմիջապես դուրս եկավ դատարանից։
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռևս հունիսին առաջադրվել էր չորս մեղադրանք՝ սահմանադրական կարգի տապալում, խոշոր չափի կաշառքի ստացում, արդարադատության իրականացմանը խոչընդոտում և փողերի լվացում։
Իր բոլոր հարցազրույցներում Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, և միայն արդար դատավարության արդյունքում ի հայտ կգա ճշմարտությունը։
Զվարթ Խաչատրյան