ՔԴՄ-ի նոր առաջնորդ Կրամփ-Կարենբաուերն առաջին անգամ ժողովրդականությամբ առաջ է անցել Մերկելից
Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության նոր նախագահ Աննեգրետ Կրամփ-Կարենբաուերն ժողովրդականության վարկանիշում առաջին անգամ առաջ է անցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որն Insa հետազոտական ինստիտուտն անցկացրել է Focus հրատարակության համար:
Քաղաքական գործիչների՝ Focus-ի վարկանիշում Կրամփ-Կարենբաուերը հավաքել է 7,9 կետ եւ դարձել Գերմանիայի ամենասիրված քաղաքական գործիչը. նրան հաջորդում է Անգելա Մերկելը, որի վարկանիշն աճել է 2,5 կետով:
Մեկ շաբաթվա ընթացքում իր ցուցանիշներն զգալիորեն բարելավել է Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիկին. նա բարձրացել է վարկանիշի ութերորդ հորիզոնական: Բարելավվել է նաեւ Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերի արդյունքը. նա բարձրացել է վարկանիշի 11-րդ հորիզոնական: Ընդամենը վարկանիշում ներկայացված է 21 քաղաքական գործիչ:
Գերմանիայի ամբողջ տարածքում անցկացված հարցմանը մասնակցել է 2044 մարդ: Հետազոտության մասնակիցներին տվել են հետեւյալ հարցը. «Որքանո՞վ են հետեւյալ քաղաքական գործիչները ներկայացնում ձեր շահերը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: