
Եթե ԱՄՆ-ի նախագահը հանդիպի ՌԴ-ի նախագահի հետ, մեր հարցը պետք է օրակարգում լինի. Զուրաբիշվիլի

Եթե ԱՄՆ-ի նախագահը հանդիպի Ռուսաստանի նախագահի հետ, մեր հարցը պետք է լինի նրանց բանակցությունների օրակարգում: Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Financial Times հրատարակությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա-Online»-ը:
«Մեզ հարկավոր է, որ մենք ուշադրության առնվենք, որ մեզ լսեն, եւ եթե Ամերիկայի նախագահը հանդիպի Ռուսաստանի նախագահի հետ, մեր հարցը պետք է լինի նրանց հանդիպման օրակարգում»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Հարցազրույցի ընթացքում Վրաստանի նախագահը նաեւ նշել է, որ այցով ԱՄՆ կուղեւորվի, հենց որ հրավեր ստանա: Զուրաբիշվիլին նաեւ ցանկություն է հայտնել խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ՝ Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից: «Որքան ավելի շատ ենք մենք ստանում ՆԱՏՕ-ից, այնքան ավելի շատ ենք մեզ պաշտպանված զգում»,-ընդգծել է Վրաստանի նախագահը: