
Անթալիայում պտտահողմ է մոլեգնել. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Անթալիա քաղաքում պտտահողմ է մոլեգնել, որի հետևանքով կա 2 զոհ, 15 վիրավոր և 1 անհայտ կորած:
Միջերկրական ծովի քամիներից ձևավորված պտտահողմերը վնասել են բազմաթիվ շենքերի տանիքներ, 50-ից ավել ավտոմեքենաներ, ինչպես նաև 4 տան ավերման պատճառ դարձել:
Պտտահողմը ավտոմեքենաներից մեկը օդ բարձրացնելով նետել է ձորը. մեքենայում գտնվող երկու քաղաքացիներից փրկարարները միայն մեկին են հայտնաբերել:
Քաղաքի տներից մեկի բակում տանիքից պոկված բեկորները ընկել են 13-ամյա աղջկա վրա. նրա կյանքը չի հաջողվել փրկել: Փոթորիկի պատճառով ստացած վնասվածքներից ևս մեկ քաղաքացի մահացել է: