Գառնիկ Իսագուլյանը հերքում է՝ իրեն ԱԱԾ չեն կանչել
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքել է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն և մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ընդհանրապես կապ չունի:
168.am-ը Գ. Իսագուլյանից հետաքրքրվեց, թե տնտեսական ի՞նչ հանցագործության մասին է խոսքը։ Սակայն Գ. Իսագուլյանը հերքեց, թե իրեն հրավիրել են ԱԱԾ:
Նրա խոսքով՝ թերթի հրապարակումն իրականության հետ որևէ կապ չունի, այս մասին ինքը նաև տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և պահանջել, որպեսզի տվյալ լրատվամիջոցը լուրը հերքի: «Շատ եմ ցավում, որ տվյալ լրատվամիջոցը չխոսելով ինձ հետ՝ կեղծ տեղեկատվություն է տարածում։ Թերթի հրապարակումն իրականության հետ որևէ աղերս չունի, և խորհուրդ կտամ նաև այլ լրատվամիջոցներին, սենսացիոն լուրեր հրապարակելուց առաջ դրանց իսկությունը ճշտել այն անձանց հետ, ում վերաբերում է այդ տեղեկատվությունը»,- ասաց Գ. Իսագուլյանը։
Ըստ նրա՝ միշտ բաց է եղել մամուլի համար և այժմ էլ որևէ խնդիր չունի։
Անդրադառնալով իր և ԱԱԾ հարաբերություններին՝ Գ. Իսագուլյանը տեղեկացրեց, որ անհանգստանալ պետք չէ.
«Իմ վերաբերմունքն ԱԱԾ-ի ու նրա աշխատակիցների հանդեպ գերդրական է՝ անկախ որևէ հանգամանքից»։
Ի դեպ, մեր զանգահարելու պահին Գ. Իսագուլյանը զբաղված էր սահմանամերձ գյուղերի ուսումնասիրությամբ: Մեր հարցին՝ ի՞նչ ծրագրեր ունի սահմանամերձ գյուղերի հետ կապված, նա պատասխանեց.
«Ուսումնասիրում եմ Արցախի գյուղերը, որոնք այս պահին ավելի շատ կարիք ունեն վերաբնակեցնելու, այս պահին միայն այսքանը կարող եմ ասել»։
Զվարթ Խաչատրյան