
ԵՄ-ում հավանություն տվեցին երեխայի ծնվելուց հետո հայրերին պարտադիր արձակուրդ տրամադրելու գաղափարին

Եվրախորհրդարանը (ԵԽ) եւ Եվրամիության խորհուրդը նախնական կարգով հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկությանը, որով նախատեսվում է ԵՄ-ի անդամ երկրներում հայրերի համար առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով միանգամյա պարտադիր արձակուրդ սահմանել նորածիններին խնամելու համար:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԵԽ-ի մամուլի ծառայությունում: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ԵՄ-ի նոր օրենսդրության նախագիծը կոչված է «խրախուսել տղամարդկանց պարտականությունների ավելի հավասար բաժնով մասնակցել նորածին երեխաների խնամքին»:
Երեխայի ծնվելուց հետո հոր արձակուրդը օրինականացված էԵՄ-ի անդամ երկրների մեծ մասում, բացառությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի եւ Սլովակիայի, բայց դրա տեւողությունը եւ դրա հետ կապված նպաստի չափը տարբեր են:
Եվրահանձնաժողովի առաջարկության համաձայն, նորածինների հայրերը նրանց խնամելու համար տրամադրված արձակուրդի ժամանակ պետք է ստանան նպաստներ, որոնք համարժեք կլինեն կամ կգերազանցեն ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող վճարումների չափը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: