«Մենք չենք հավատում այդպիսի համաձայնագրի». Դավիթ Բաբայան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ երեկ 168.am-ին տված հարցազրույցում արված պնդումները, թե հունիսին Փաշինյանն ու Ալիեւը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կստորագրեն համաձայնագիր, հայրենի քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել:
«Ժողովուրդ» թերթը երեկ կապվեց Ստանիսլավ Տարասովի հետ՝ պարզելու, թե ինչ տեղեկությունների հիման վրա է այդպիսի կարեւոր հայտարարություն արել: Նա անկեղծացել է, որ այդ հայտարարությունները տպավորությունների ու վերլուծությունների հետեւանք են:
«Վերջին հանդիպման ընթացքում տպավորություն ստացանք, որ Ալիեւը բավարարված էր, Փաշինյանը` փոքր-ինչ տխուր։ Այսպես դիտարկենք. մեկուկես ժամ զրուցել են Ալիեւն ու Փաշինյանը, դրանից առաջ էլ չորս ժամ` Մամեդյարովն ու Մնացականյանը: Սա նշանակում է, որ նրանք ունեցել են քննարկման առարկա, բայց թե ինչ, ոչ ոք չգիտի»,- ասել է նա։
Թերթը զրուցեց նաեւ ռուս մեկ այլ քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ՝ պարզելու, թե Ռուսաստանում ինչ է հայտնի Արցախյան թեմայով: Մոդեստ Կոլերովը մեզ հետ զրույցում այլ ժամկետ մատնանշեց՝ հայտարարելով, թե կողմերը ԼՂ խնդրով կարող են համաձայնագիր ստորագրել մարտին՝ գագաթնաժողովի ժամանակ:
Կոլերովն էլ ասել է, թե այդպիսի փաստաթուղթ առկա է վաղուց, պարզապես վերջնական ստորագրումն է ավարտվելու մարտին:
Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, որը պետք է վերջնաստորագրվի:
Թերթը զրուցեց նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Նա ընդգծեց, թե կոնֆլիկտի կարգավորման համար նախ պետք է վերականգնել բանակցությունների ամբողջական ֆորմատը։
«Հայկական կողմն այդ մասին մի քանի անգամ ասել է։ Հարցը կապված է Արցախի ճակատագրի հետ եւ չի կարող լուծվել առանց նրա մասնակցության։ Մենք չենք հավատում այդպիսի համաձայնագրի։ Եվ երկրորդ` պետք է հասկանալ, թե ինչ է ընկած փոխզիջման հիմքում, եւ արդյոք միայն բավարարվելու ենք Ադրբեջանի բանավոր հայտարարություններով»,- հայտարարեց Բաբայանը։
Նա նաեւ հավելեց, որ այս փուլում գլխավոր հարցը խաղաղության պահպանումն ու տարածաշրջանում կայունության ապահովումն է, իսկ բանակցությունների սեղանին առանց Արցախի ոչ մի զարգացում լինել չի կարող»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: