Բաժիններ՝

Իրանը պլանավորում է տիեզերք արձակել ևս մեկ արբանյակ. IRNA

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ Թեհրանը պլանավորում է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ տիեզերք արձակել եւս մեկ արբանյակ, երկրորդը՝ ավելի վաղ ազդարարված երկուսից: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:

Նախարարը նշել է, որ արբանյակը ծրագրվում է տիեզերք հասցնել իրանական «Սաֆիր» («Դեսպան») կրող-հրթիռի օգնությամբ: Խաթամին ընդգծել է, որ Իրանը մշտապես բարելավում է իր հնարավորություններն այդ ոլորտում:

Ավելի վաղ Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին հայտնել էր, որ Իրանն իրականացրել է հայրենական արտադրության արբանյակի՝ ավելի վաղ ազդարարված երկու արձակումներից մեկը:

Սակայն, նրա խոսքով, կրող-հրթիռը փուլերից մեկում բավարար արագություն չի հավաքել, եւ «Փայամ» («Ուղերձ») արբանյակը չի հաջողվել ուղեծիր դուրս բերել: Նա հավելել է, որ շուտով ուղեծրում սպասվում է «Դուստի» («Բարեկամություն») արբանյակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս