Կամալա Հարիս. ո՞վ է ԱՄՆ նախագահի թեկնածություն առաջադրելու համար արշավ սկսած հայամետ կին գործիչը

Միացյալ Նահանգների 2020 թվականի նախագահական ընտրություններին Դեմոկրատների կողմից իր թեկնածությունն առաջադրելու արշավ է սկսել հայամետ սենատոր Կամալա Հարիսը։

Նախքան սենատոր ընտրվելը՝ Կամալա Հարիսը զբաղեցրել է Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը՝ ընտրվելով 2010 և 2014 թվականներին։ Վերջին ընտրության ժամանակ նրան մեծապես աջակցել է ԱՄՆ հայ համայնքը։

Կամալա Հարիսն առաջին աֆրոամերիկացին ու առաջին կինն է, ով ընտրվել էր Կալիֆորնիայի գլխավոր դատախազի պաշտոնում։

Այդ տարիներին նա ակտիվորեն պահպանել է կապն ԱՄՆ հայ համայնքի հետ, պաշտպանել է ԱՄՆ նահանգների իրավունքը՝ ընդունելու Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենքներ, ինչպես նաև ամերիկահայերի իրավունքը՝ հասնելու արդարության՝ ցեղասպանության շրջանի չվճարված ապահովագրական գումարների հարցում։ Որպես Կալիֆորնիայի գլխավոր դատախազ՝ նա Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենամութ շրջաններից է»։

«1915-1923 թվականներին՝ ութ տարվա ընթացքում 1.5 մլն հայեր սպանվեցին, մեծ թվով մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները։ Այսօր և ամեն օր Հայոց ցեղասպանությունը և դրա պատճառով զոհվածները պետք է հանդիսավոր կերպով հիշվեն»,- ասվում էր նրա հայտարարության մեջ։

2017 թվականին Դեմոկրատական կուսակցության անդամ Հարիսը Կալիֆորնիայից ընտրվում է ԱՄՆ սենատոր։ Նախքան ընտրությունը՝ քարոզարշավի ժամանակ նա շարունակում է պահպանել կապը հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ հայտարարելով, որ պատրաստվում է սենատոր ընտրվելու պարագայում ևս շարունակել հայկական խնդիրների բարձրաձայնումը։ «Ես շարունակելու եմ Սենատում կանգնել հայկական համայնքի կողքին՝  հասնելու պատմության ամենամութ գլուխներից մեկի՝ Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմանն ու այդ մասին բանաձևի ընդունմանը, ճիշտ այնպես, ինչպես արել եմ դատախազ և Կալիֆորնիայի գլխավոր դատախազ լինելու տարիներին»,- հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր Կամալա Հարիսը։

Արդեն որպես սենատոր՝ 2018 թվականի ապրիլի 24-ին թվիթերյան իր միկրոբլոգում արված գրառմամբ նա իր հարգանքի տուրքն էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Հայոց ցեղասպանության տարելիցին մենք հիշում ենք 1,5 մլն հայերին, ովքեր սպանվեցին պատմության այս մթին շրջանում»,- գրել էր նա։

Հարիսը նախագահական ընտրություններին առաջադրման մտադրության մասին հայտարարել է հունվարի 21-ին՝ մեկնարկ տալով իր արշավին: «Միացեք մեզ, տեր կանգնենք մեր ապագային: Մեզ համար, մեր երեխաների համար, մեր երկրի համար»,-ասել է 54-ամյա Հարիսն ABC-ի «Բարի լույս, Ամերիկա» առավոտյան ծրագրի եթերում:

Հարիսի հայտարարությունը հետևել է նախագահական մրցավազքին մասնակցելու հավակնությունների մասին այլ սենատորների՝ Մասաչուսեթսից Էլիզաբեթ Վարենի, Նյու Յորքից Քիրսթեն Գիլիբրանդի, Հավայիից կոնգրեսական Թուլսի Գաբարդի և նախկին նախարար Ջուլիան Կաստրոյի հայտարարություններին:

Տեսանյութեր

Լրահոս