«Հրապարակում հեղափոխության ժամանակ գոռում էինք՝ դուխով-դուխով, հիմա էլ սահմանին սառում ենք դուխով. ի՞նչ մենաշնորհներ եք սարքում». հայ առևտրականները չեն կարողանում հատել Թուրքիայի սահմանը
Թուրքիայից ապրանք բերող ՀՀ քաղաքացիները տեսանյութ են տեղադրել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանք դժգոհում են՝ ասելով, որ 25 կգ ապրանք ունեն, բայց չեն կարողանում հատել սահմանը:
https://www.facebook.com/margarita.grigoryan.31/videos/10215697666706089/
– Էս ի՞նչ վիճակ է, էս ի՞նչ ձև եք մտածում, ի՞նչ մենաշնորհներ եք սարքում: Գալիս ենք Թուրքիայից, որ գանք Հայաստան՝ վրացին չի էլ հարցնում, թե ի՞նչ ապրանք կա մեքենայում, միանգամից ավտոբուսը հետ են ուղարկում Թուրքիա: Քանի կար՝ 50 կգ էին թույլ տալիս, հիմա էլ սարքեցին 25 կգ, ասեցինք՝ ջհանդամ, թող այդպես լինի, իսկ հիմա վրացին արգելում է, որ գանք Հայաստան: Հրապարակում հեղափոխության ժամանակ գոռում էինք՝ դուխով-դուխով, հիմա էլ սահմանին սառում ենք դուխով, սա ի՞նչ անելու բան է,- ասում են նրանք:
Առևտրականների փոխանցմամբ՝ ՀՀ-ից ոմանք ասել են, թե այսուհետ Թուրքիայից ապրանք չպետք է ներմուծվի Հայաստան:
168.am-ին ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը հայտնեց, որ դա առևտրային գործունեություն է ու նման նորմ չկա:
Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:
Անի Կարապետյան