«Անհանդուրժողականության պատճառով մարդիկ վախեցել են գնալ ընտրությունների».  Հայաստանյան ընտրությունները` ԵԽԽՎ օրակարգում

Այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  ձմեռային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում,  ի թիվս այլ հարցերի, նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցն էր:

Դիտորդական առաքելության  դիտարկումները ներկայացրեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցած  թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նախադրյալներ են ստեղծվել: Նա նաև հայտարարեց, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ և խաղաղ մթնոլորտում, դիտորդների ուշադրության ներքո: Պաչիերը խոսեց  նաև վերջին ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշների մասին:

Նրա որակմամբ, մարդիկ շատ դեպքերում վախեցել են գնալ ընտրությունների սոցիալական մեդիայում առկա ատելության և անհանդուրժողականության պատճառով: Պաչիերի դիտարկումների համաձայն, տարբեր մարդկանց նկատմամբ սպառնալիքներ են եղել, ատելության մթնոլորտ, ուստի մարդիկ, վախենալով իրենց հանդեպ ագրեսիայից, չեն ցանկացել գնալ ընտրության:

Ալեքսանդր Պաչիերը նշել է նաև, որ բազում խախտումներ, որոնք գրանցվել էին նախորդ ընտրությունների ընթացքում, այս ընտրություններին չեն գրանցվել: Նրա խոսքով, չնայած նախապատրաստական կարճ ժամանակահատվածին, ընտրությունները լավ կազմակերպված են եղել: Բոլոր թեկնածուները հնարավորություն են ունեցել անցկացնել իրենց քարոզարշավները խոսքի և կարծիքի ազատության մթնոլորտում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ն մասնակցում է նստաշրջանին  ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության նոր կազմով՝ ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Ի դեպ, Ռուբինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ում շատ բարձր գնահատական  է տրվել  դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին:

Տեսանյութեր

Լրահոս