Եվրամիությունն ընդլայնեց Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ սեւ ցուցակին հավելելով 11 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություն: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունվարի 21-ին տարածվել է Բրյուսելում հանրակցության 28 երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքների վերաբերյալ:
«Խորհուրդը 11 հայտնի գործարարների եւ հինգ կազմակերպություն ավելացրեց նրանց ցուցակում, որոնց վրա տարածվում են սիրիական ռեժիմի եւ նրա կողմնակիցների նկատմամբ սահմանված պատժամիջոցները»,-նշվում է փաստաթղթում:
Հայտարարության մեջ ասված է, որ «այդ գործարարները եւ ընկերությունները մասնակցում են էլիտային անշարժ գույքի զարգացմանը եւ ռեժիմի կողմից պաշտպանվող այլ նախագծերի»: «Այդպիսով՝ նրանք աջակցում են ռեժիմին եւ/կամ օգուտ են ստանում սիրիական ռեժիմից», ընդգծվում է դրանում:
Այսպիսով, ինչպես պարզաբանում է ԵՄ-ի խորհուրդը, Սիրիային վերաբերող սեւ ցուցակում ներառված են 270 մարդ եւ 72 կազմակերպություն, որոնց վրա տարածվում են ԵՄ-ի երկրներ ուղեւորությունների արգելքը եւ հանրակցությունում ակտիվների սառեցումը՝ դրանց առկայության դեպքում: Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների փաթեթը, որոնք հետեւողականորեն խստացվել են 2011-ից մինչեւ 2014 թվականը, առավել խոշորներից մեկն է հանրակցության պատմության մեջ: Այն գործնականում արգելում է եվրոպական բիզնեսի շփումները Սիրիայի հետ, հատկապես նավթի ու նավթամթերքի առեւտրի ոլորտում:
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանված Սիրիայի ղեկավարության նկատմամբ (ընդարձակ սեւ ցուցակում ներառված են, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքի անդամները), պատժամիջոցները դրսեւորվում են նաեւ ֆինանսական գործառնությունների լիակատար արգելափակմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: