Բաժիններ՝

Գերմանիան օդանավակայանները փակեց Իրանի Mahan Air ավիաընկերության համար

Գերմանիայի իշխանություններն Իրանի Mahan Air ավիաընկերությանը զրկել են երկրի օդանավակայաններում վայրէջք կատարելու թույլատրագրից: Այդ մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԳԴՀ-ի ԱԳ նախարարության մի աղբյուր:

Նա այդ միջոցը բացատրել է անվտանգության նկատառումներով, ինչպես նաեւ այն կասկածանքով, որ Mahan Air-ը համագործակցում է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հետ, իսկ նրա ինքնաթիռներն օգտագործվում են լրտեսության եւ ահաբեկչության համար:

Mahan Air-ն Իրանի՝ մեծությամբ երկրորդ ավիաընկերությունն է Iran Air-ից հետո: Այն շաբաթական չորս չվերթ էր կատարում Դյուսելդորֆ եւ Մյունխեն: Ավիաընկերությունն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում է գտնվում 2011 թվականից:

Եվրամիությունը հունվարի սկզբին պատժամիջոցներ է սահմանել Իրանի ուժային կառույցների եւ դրանց երկու ղեկավարների դեմ, որոնց կասկածում են Նիդեռլանդներում, Դանիայում եւ Ֆրանսիայում իրանցի ընդդիմադիրների մի շարք սպանությունների եւ նրանց դեմ պլանավորված հարձակումների հետ առնչության մեջ: Գերմանիայի կառավարությունում ընդգծել են, որ Mahan Air-ի դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե Իրանի դեմ պատժամիջոցներին, այլ կոնկրետ ընկերության դեմ սահմանված կոնկրետ միջոցին, նշում է Deutsche Welle-ն, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս