Դատարանը պարտավորեցրել է լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարակել
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «Դատարանը «www.1in.am» կայքին պարտավորեցրել է հերքում հրապարակել:
Ըստ այս հայտարարության՝ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության» գործով՝ դատարանը, հերքման մասով պահանջը բավարարել է ամբողջությամբ:
Այսպիսով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, պարտավորեցրել է «www.1in.am» լրատվական կայքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարակել, որոնցում կհիշատակվի, որ տվյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունները իրականությանը չեն համապատասխանում և զրպարտություն են հանդիսանում:
Դատարանը պարտավորեցրել է նաև հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար:
Միևնույն ժամանակ դատարանը նշել է, որ հերքումը պետք է հրապարակվի դատարանի վճիռն օրինական ուժ ստանալուց հետո երկու օրվա ընթացքում, իսկ վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Նշենք նաև, որ դատարանը մասնակի բավարարել է նաև հայցվոր կողմի ներկայացրած զրպարտության դիմաց փոխհատուցման պահանջը. այսպես՝ 2.000.000 դրամի չափով պահանջից պարտավորեցրել է փոխհատուցել 400. 000 ՀՀ դրամը:
Հիշեցնենք, որ «Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայց էր ներկայացրել դատարան՝ մասնավորապես նշելով, որ 2018թ. հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, մասնավորապես` 2018 թվականի հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել», 23.06.2018 թվականին՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թվականին՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան», և 28.06.2018 թվականին՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով:
Հայցվորի ներկայացուցիչը նշել էր, որ հոդվածներում ներկայացված փաստերն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը, և դատարանին խնդրել էր պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց փոխհատուցում վճարել Ռոբերտ Քոչարյանին։