«Դատական իշխանության գտնվում է անկայուն վիճակի մեջ, որոշ առումով էլ՝ կախման մեջ է գտնվում փողոցային արդարադատությունից». Փաստաբան
«Լև գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ լիազոր մարմինը՝ ինչպես նախկինում, այսօր ևս՝ որդեգրել է անսխալական լինելու բարդույթը և շարժվում է իներցիայով։ Ավելին՝ ստորին որոշակի օղակներ, իրենց ղեկավարներով հանդերձ, ինքնուրույն որևէ բան չեն անում։
«Դատական իշխանության մասին ավելորդ եմ համարում բարձրաձայնել, քանի որ այն գտնվում է անկայուն վիճակի մեջ, որոշ առումով էլ՝ կախման մեջ է գտնվում փողոցային արդարադատությունից։ ՀՀ վարչապետն իր վրա մեծ կամք էր վերցրել և հանձնարարել, որպեսզի յուրաքանչյուր դատավոր գործի անկախ, միևնույն ժամանակ հայտարարել էր, որ տեղյակ է, որ որոշ դատավորներ այս կամ այն գործով փորձում են զանգահարել պետական պաշտոնյաների կամ շահագրգիռ անձանց։ Վարչապետի այս հայտարարությունից անցել է ամիսներ, և որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց փաստաբանը՝անդրադառնալով Հայաստանում դատական ոլորտի խնդիրներին։
Նրա խոսքով, եթե վարչապետի հայտարարությունից հետո որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության ենթարկվեր, ապա բոլորը կհասկանային, որ նա լուրջ է տրամադրված, և եթե այդ մեխանիզմն աշխատեր, ապա Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված՝ դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին չէր համարձակվի մոտանալ ինչ-որ մեկը և հայտարարել, թե՝ մի քանի օր համբերեք։
«Սա հիմք էր, որպեսզի պետական լիազոր մարմինը քրեական գործ հարուցեր, անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատվության ենթարկեր արդարադատությանը խոչընդոտելու կամ այլ դրվագով։ Այս քայլին չգնացին, որովհետև հնուց եկած սովորության համաձայն՝ սովոր չեն ինքնուրույն աշխատելու»,- շեշտեց Լ. Բաղդասարյանը։
Ըստ նրա, երբ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը, ՄԻՊ-ը և մի քանի հեղինակավոր բժիշկներ հայտարարել են, որ Մ. Գրիգորյանի ձերբակալությունն անհամատեղելի է նրա հիվանդությունների հետ, վարույթ իրականացնող մարմինը որոշել է նշանակել միջգերատեսչական փորձաքննություն, որը նշանակվում է այն անձանց նկատմամբ, որոնք արդեն դատապարտվել և կրում են իրենց պատիժը։
«Այդ հանձնաժողովի նախագահ էր ընտրվել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը, հանձնաժողովում մոտավորապես հինգ րոպե թվարկում էր Մանվել Գրիգորյանի ծանր հիվանդությունները, սակայն վերջում հայտարարում, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, միևնույն ժամանակ ապահովագրելով իրենց՝ նշում, որ չի բացառվում, որ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ, բայց երբ, չեն կարող ասել»,- ասաց փաստաբանը։
Նրա դիտարկմամբ՝ պետք է բացառել՝ ինչպես փողոցի արդարադատությունը, այնպես էլ՝ պետք է ստիպել, որպեսզի դատարանն աշխատի արդար և անկաշկանդ։
Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք Մանվել Գրիգորյանը կմեկնի Ֆրանսիա բուժվելու, ինչպես որ վերջին շրջանում դրա մասին խոսում են, Լևոն Բաղդասարյանը նշեց, որ մինչև ձերբակալվելը Մանվել Գրիգորյանը պետք է անցներ ընթացակարգային բուժման գործընթաց, սակայն ձերբակալվելուց հետո չի գնացել և այսօր ունի մեղադրյալի կարգավիճակ։
«Դեռ հայտնի չէ, կգնա՞ բուժման, թե՞ ոչ։ Այստեղ կարևորում եմ Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված այն հասարակական հնչեղությունը, երբ նրա դեմ բողոքողների մի մասը պնդում է, որ նրան անպայման պետք է տանեն բանտ։ Ուզում եմ փաստել, որ Մանվել Գրիգորյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, պատիժ չի կրում։ Բազմիցս ասել եմ, եթե ապացուցվի նրան մեղսագրվող մեղքը, թող իր պատիժը կրի, բայց այսօր, երբ նրա մեղքն ապացուցված չէ, իրավաչափ չէ նման պահանջ դնել»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։
Զվարթ Խաչատրյան