Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել պարգևատրումների վերաբերյալ
Սյունիքի մարզպետարանն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մեկնաբանում են, որ մարզպետը ոչ թե երկու անգամ է պարգեւատրվել, այլ երկու հոդվածներով: Եվ պարգեւատրվել են ոչ թե 22 հոգի, այլ մարզպետարանի բոլոր աշխատակիցները: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ երկու հոդվածներով եւ մեկ անգամ խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգեւատրում ստացել են ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով: Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կարգադրություններին ուղղակի կերպով հղում անողներին եւ չիմացողներին տեղեկացնենք, որ խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետեւաբար, 22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, իսկ մյուսները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով:
Այս գործընթացը օրինականության սահմաններում է եւ ամեն տարեվերջի կիրառվում է՝ մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում, ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե…
Հ.Գ. Ի դեպ, Հունան Պողոսյանն իր պարգեւատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել…»: