«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների, այսինքն՝ չպետք է քաղաքականացվեն». Մակունց
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում կառավարության կառուցվածքային փոփոխությունների նոր փաթեթը դեռ չի քննարկվել: Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատճառը պարզ է՝ նախագիծը դեռ ներկայացված չէ, հայտնի չէ, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպիսին է լինելու:
«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձևաչափերի փոփոխության արդյունքում չպետք է վերածվեն նախարարությունների, այսինքն՝ չպետք է քաղաքականացվեն»,- հայտարարեց Լ.Մակունցը՝ պնդելով, թե հիմա դրանք քաղաքականացված չեն:
Ըստ նրա՝ հեղափոխությունից առաջ, երբ խոսում էին` դիրքը չարաշահվո՞ւմ է, թե՞ ոչ, կարևոր էին անձերը: Մակունցի կարծիքով՝ նախկինում այդ կառույցների ղեկավարները ծառայում էին նեղ կուսակցական, նույնիսկ անձնական շահերին.
«Եթե նախկինում ոստիկանների ինստիտուտը անձնական անվտանգությունն ապահովող ինստիտուտի էր վերածվում, այսօր բացառապես ՀՀ քաղաքացու անվտանգությունն է ապահովում»:
Հիշեցմանը, որ ԱԱԾ տնօրենը հայտարարել էր, որ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է, Մակունցը պատասխանեց, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ավելի հաշվետու լինեն խորհրդարանին.
«Նախկինում ես չեմ հիշում մի դեպք, երբ խորհրդարանն, ունենալով լիազրություններ հաշվետու պահելու ոստիկանությանը, արել է դա: Երբևէ չի եղել նման դեպք»:
Մակունցը հայտարարեց, թե հիմա կմշակեն ավելի շատ ձևաչափեր՝ ավելի հաշվետու պահելու նրանց: Նրա հավաստմամբ՝ կուսակցական կամ որևէ այլ շահի ծառայեցնելու միտում չկա: Նա չհստակեցրեց, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է լինեն վարչապետի՞, թե՞ կառավարության վերահսկողության ներքո՝ պատճառաբանելով, թե խմբակցությունում հարցը չի քննարկվել: