«Եթե Ռուսաստանը թույլ է տալիս իր երկիր աջ ղեկով մեքենա ներկրել, մեզ ի՞նչն է խանգարում»
Իրավական ակտերի քննարկման e-draft.am կայքում շրջանառության մեջ էր դրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նոր նախագիծ, որտեղ ասվում է. «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ 2018 թվականի մարտի 1-ի թիվ ՀՕ-125-Ն օրենքի 2-րդ հոդվածի «որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը» բառերը և թվերը փոխարինել «որոնց ձեռք բերման համար վճարումները ՀՀ տարածք ներմուծողների կողմից կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը և որոնք ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը» բառերով և թվերով»:
Նախագիծը ձևավորվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում: Հանրային քննարկումներից հետո նախագիծը պետք է մտնի խորհրդարանի օրակարգ, և հաստատվելու դեպքում ներկրումը կթույլատրվի։
Նախաձեռնության անդամներից Դավիթ Գասպարյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ քննարկումներից մեկի ժամանակ ՊԵԿ ներկայացուցիչը հայտնել է, որ պետք է մեքենաների ձեռքբերման ամբողջական վճարման կտրոն լինի:
«Այսինքն, քանի որ մենք մասնակի ենք վճարում, սկզբում՝ 30, ապա՝ 70 տոկոսը, հիմա մարդիկ ասում են՝ մեզ ներկայացրեք ամբողջական վճարման կտրոն, որը մեքենան ձեռք բերելու հիմքը կհանդիսանա: Եթե այդ տարբերակով է նախագիծը ներկայացվում, ուրեմն մեզ ձեռնտու չէ: Շատ մեքենաներ ունենք, որոնց համար ամբողջական վճարումները չենք կատարել, մասնակի է արված»,- նշել էր նա:
168.am-ը տնտեսագետ-փորձագետ Արթուր Միսակյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունք են տվել քննարկումները, արդյո՞ք համաձայնության եկել են վճարման կտրոնի հարցի շուրջ:
«Մեքենաների ներկրման, առք ու վաճառի, մաքսազերծման հարցում բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Քննարկումները շարունակվում են, կարծում եմ՝ առաջիկայում նույնպես կլինեն, ու վերջնական լուծում կգտնեն մի շարք հարցեր: Բայց ասեմ, որ բոլոր այն մեքենաները, որոնք գնվել են աճուրդներից, և առկա են փոխանցումները, շատ հեշտ կարող է խնդիրը լուծվել՝ ընդամենը 70 տոկոսի փոխանցման անդորրագիրն ունենալու դեպքում:
Տեսեք՝ ներկրողները մեքենայի արժեքի 30 տոկոսը փոխանցում են, որից երկու ամիս անց, երբ մեքենան հասնում է Փոթի կամ Բաթում, փոխանցում են մնացած 70 տոկոսը: Կան ներկրողներ, որոնք մի քանի մեքենայի համար ամբողջական գումար են փոխանցում, որպեսզի բանկային միջնորդավճարներից խուսափեն, ապա նոր գումարն առանձին-առանձին հաշվարկվում է: Հետևաբար, իմ կարծիքով՝ հիմք կարող է հանդիսանալ երկրորդ՝ 70 տոկոսի վճարման անդորրագիրը»,- մանրամասնեց Արթուր Միսակյանը:
Տնտեսագետ-փորձագետի կարծիքով՝ ամեն դեպքում մինչև 2020 թվականը պետք է թույլ տային, որպեսզի Հայաստան ներմուծվեին ու ազատորեն շահագործվեին ճապոնական աջ ղեկով մեքենաները:
«Քանի որ 2020 թվականին այլ մաքսային ընթացակարգեր են գործելու՝ այդ մեքենաները ներմուծելն այլևս ձեռնտու չի լինելու: Մարդիկ աջ ղեկով մեքենաներ օգտագործում են, քանի որ դրանք թարմ են, վթարված չեն, էժան են, հետագա սպասարկումն էլ մատչելի է: Մեր ընդդիմախոսներն ասում են, թե մեզ մոտ երթևեկությունն աջակողմյա է, և երթևեկության կահավորանքն այնպիսին է, որ մեքենան պետք է ունենա ձախ ղեկ: Կառավարության մտահոգությունն այն էր, որ կգա մի պահ, ու ՀՀ-ում աջ ղեկով մեքենաներն ավելի շատ կլինեն, քան ձախ: Նման բան ուղղակի չի կարող լինել, որովհետև ներկա պահին աջ ղեկով մեքենաների տեսակարար կշիռը ձախ ղեկով մեքենաների համեմատ 3-5 տոկոս է կազմում: 10 տարիների ընթացքում ներկրված աջ ղեկով մեքենաները չեն գերազանցել 5 տոկոսը:
Կարելի էր թողնել, որպեսզի մինչև 2020 թվականն աջ ղեկով մեքենաները ներմուծվեին, քանի որ սոցիալական խնդիրներ կլուծվեին: Այդ մեքենաները ծառայում են՝ որպես տաքսի: Հանրապետության հրապարակում կայանած 7 տեղանոց մեքենաները զբոսաշրջիկների են տեղափոխում, և մարդիկ կարողանում են օրվա հացի խնդիրն այսպես լուծել, բայց մենք, չգիտեմ ինչու՝ փորձեցինք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել ու արգելել: Ռուսաստանի արևելյան մասում բոլորը աջ ղեկով մեքենաներ են վարում: Ղազախներն ու ռուսները Հայաստանից մեծ քանակի մեքենաներ են ներկրել իրենց երկիր: Իրենք էլ են, չէ՚՞, ԵԱՏՄ անդամ երկիր ու թույլ են տալիս: Իսկ մենք…»:
Հարցին, թե այս պահին որքա՞ն աջ ղեկով մեքենա է կուտակված սահմանին, Արթուր Միսակյանը տեղեկացրեց, որ դրանց թիվը 500 է, ու գնալով շատանում են:
«Ղեկը փոխելու հետ կապված Կառավարության որոշումն ամենավատն էր: Մենք ասել ու ասում ենք՝ թույլ տվեք, որ աջ ղեկով մեքենաները ներկրվեն: Եթե Ռուսաստանը թույլ է տալիս իր երկիր աջ ղեկով մեքենա ներկրվի, ձեզ ի՞նչն է խանգարում»,- նկատեց տեսագետ-փորձագետը:
Անի Կարապետյան