
Մինսկը պատրաստ է գործակցել Արևմուտքի և Արևելքի հետ. Լուկաշենկո

Բելառուսը պատրաստ է բոլոր երկրների հետ փոխգործակցել հարգանքի եւ օրինավորության սկզբունքների հիման վրա: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով արտասահմանյան պետությունների դեսպանների հավատարմագրերը։
«Մեր երկիրը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի, Հյուսիսի եւ Հարավի հետ, եթե այն կառուցվի հարգանքի, անկեղծության եւ օրինավորության սկզբունքների վրա»,-ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ իր աշխարհաքաղաքական դիրքի հաշվառմամբ, Մինսկը, ինչպես ուրիշ ոչ ոք, շահագրգռված է խաղաղությամբ, կայունությամբ եւ ոչ կոնֆլիկտային ու արդյունավետ գործընկերությամբ: Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների նախաձեռնողներից եւ ակտիվ մասնակիցներից մեկի հաստատուն կարգավիճակ է ձեռք բերել:
«Խորապես համոզված եմ, որ Մինսկը կարող է Եվրաատլանտիկայի եւ Եվրասիայի պետությունների անվտանգության հարցերի շուրջ նոր լայնընդգրկուն երկխոսության վայր դառնալ,-ասել է Բելառուսի ղեկավարը: Մենք հետագայում էլ կնախաձեռնենք խաղաղասիրական, համագործակցության միավորող նախագծեր, եւ, իհարկե, կաջակցենք ձեր բոլոր բարի ձեռնարկումներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: