
Աֆղանստանում թալիբները հարձակվել են հատուկ ծառայությունների բազայի վրա, զոհվել է առնվազն 18 մարդ

Աֆղանստանում առնվազն 18 մարդ է զոհվել, եւս 27 հոգի՝ վիրավորվել երկրի հարավ-արեւմուտքի Մայդանշահր քաղաքում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական մի աղբյուր:
Նրա խոսքով՝ թալիբների ականապատված ավտոմեքենան պայթել է Աֆղանստանի հատուկ ծառայությունների բազայի մերձակայքում: Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել Է, որ հարձակվողներից երեքը ոչնչացված են, չորրորդը գործի էր դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը:
Ավելի վաղ նույն հեռուստաալիքը հայտնել էր, որ թալիբները հարձակվել են Վարդակ կենտրոնական նահանգում աֆղանական հատուկ ծառայությունների բազայի վրա, պայթյունը տեղի է ունեցել Մայդանշահր քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: