Սոֆյա Քոփոլան ֆիլմ կնկարահանի Apple-ի համար
Ռեժիսոր Սոֆյա Քոփոլան, որը վեց լիամետրաժ ֆիլմ է նկարահանել, այդ թվում՝ «Մարիա-Անտուանետա»-ն եւ «Ինքնասպան կույսերը», առաջին գեղարվեստական ժապավենը կստեղծի Apple կորպորացիայի համար:
Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան, որի տվյալներով՝ Apple-ը ակտիվորեն բիզնես է ծավալում նոր ոլորտներում», որպեսզի փոխհատուցի սմարթֆոնների վաճառքների կանխատեսվող անկումը:
On the Rocks («Ծանծաղուտի մեջ») ֆիլմում գլխավոր դերերում հանդես կգան դերասաններ Բիլ Մյուրեյը եւ Ռաշիդա Ջոնսը: Ավելի վաղ Քոփոլան եւ Մյուրեյը աշխատել են «Թարգմանության դժվարությունները» ժապավենի նկարահանումների վրա, որն «Օսկար» մրցանակի է արժանացել լավագույն ինքնատիպ սցենարի համար:
Ժապավենի ստեղծմանը մասնակցում է A24 անկախ կինոընկերությունը, որը նկարահանել է, մասնավորապես, Hereditary («Ռեինկառնացիա») ֆիլմը: Նույն այս ընկերությունը ընդգրկվել է ֆիլմերի ցուցադրման առցանց-հարթակի ստեղծման Apple-ի հետ համատեղ նախագծում, որը, BBC-ի տվյալներով, կարող է գործարկվել արդեն այս տարի:
Ընդ որում՝ Apple-ը, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, մինչեւ 1 մլրդ դոլար կծախսի այդ հարթակի համար լսատեսողական արտադրանք ձեռք բերելու վրա: Սոֆյա Քոփոլան A24-ի հետ արդեն աշխատել է «Էլիտար հասարակություն» ֆիլմի նկարահանումների վրա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: