Բաժիններ՝

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ նիստերի ընդմիջումների ընթացքում հասցնում է նաև մարզվել

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն արդեն հարմարվել է օրենսդիրի կյանքին: «Արմենպրես»-ը նորընտիր պատգամավորի հետ զրուցել է սպորտի և օրենսդրական գործունեության մասին:

– Պարոն Ջուլֆալակյան, արդեն 3 օր է՝ 7-րդ գումարման Ազգային ժողովում զբաղվում եք օրենսդրական գործունեությամբ: Չե՞ք կարոտում մարզիկի կարգավիճակը:

– Կարոտ բացարձակ չեմ զգում, որովհետև այս 3 օրերին էլ մարզվել եմ: Ընդմիջման ժամանակ նորից հասցրեցի, գնացի մարզվեցի, հետ եկա: Կարողացա ժամանակի մեջ: Իրականում ակտիվ երկու ուղղությունն էլ պահվում են, կարոտելու ժամանակ չի լինում:

– Այս երկու ոլորտներից ո՞րն եք առավել նախընտրում:

– Բացարձակ տարբեր բնագավառներ են: Մեկը օրենսդիր, մյուսը սպորտ: Երկուսն էլ շատ հետաքրքիր են: Մեկը ավելի մտավոր աշխատանք է նախատեսում, մյուսն ավելի ուժային: Այնպես որ մեկը մյուսին լրացնում են, երկուսն էլ փորձելու եմ բարձր մակարդակով առաջ տանել:

– Ընդունված պրակտիկա է, երբ պաշտոնատար անձիք իրենց աշխատասենյակներում մարզասարք են տեղադրում՝ ժամանակ առ ժամանակ մարզվելու և մարզավիճակի մեջ մնալու համար: Ձեր աշխատասենյակում մարզասարք տեղադրելո՞ւ եք:

– Դրա կարիքը չեմ տեսնում մի քանի պատճառով. մարզումներին հասցնելու եմ, և իմ մարզումները շատ ավելի ինտենսիվ են ու պրոֆեսիոնալ, մեկ մարզասարքով չեմ կարողանա մարզվել: Նաև սենյակն այնքան մեծ չէ, որպեսզի այնտեղ մարզասարք դնելու հնարավորություն լինի: Դրա համար առնվազն մեկ առանձին սենյակ էլ պետք է ունենաս: Իսկ մարզվելն իրենից ենթադրում է նաև լոգանք և այլն, որոնք հավելյալ դժվարություններ են առաջացնում: Այդ առումով բացառում եմ մարզասարքի առկայությունն աշխատասենյակում:

– Երբ քննարկվում էր Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը, նախագահի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում Ձեր կողմից հարց չհնչեցվեց: Ո՞րն էր պատճառը: Սպորտի ոլորտում ձեզ հուզող հարցեր չկայի՞ն:

– Այստեղ մի փոքր թյուրըմբռնում կա: Մենք հիմա ներկայացնում ենք հանձնաժողովների նախագահների մեր թեկնածուներին, և սխալ է բարձրացնել հարցեր, որոնք այս պահին իրենց լիազորությունների տակ չեն: Այստեղ նույնիսկ կային հարցեր, որ կառավարության ղեկավարին պետք է տրվեին, ոչ թե հանձնաժողովի ղեկավարին: Այդ առումով որոշ հարցեր, կարծում եմ, տեղին չէին:

Ես հարցեր չհնչեցրի, որովհետև այս պահին այն հարցերը, որոնք առաջնահերթ են և ես պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գամ ամենամոտ ապագայում, կապված են սպորտի հետ, բայց այլ հանձնաժողովների գործառույթների տիրույթում են:

– Առաջիկայում մարզական ոլորտում ինչպիսի՞ օրենսդրական նախաձեռնություններով ու առաջարկներով եք պատրաստվում հանդես գալ:

– Հանդես եմ գալու մարզիկի պարտադիր ապահովագրության և մարզիկի աշխատանքային ստաժի ձևակերպման հարցերին ուղղված օրենսդրական նախաձեռնություններով ու առաջարկներով:Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերաբացման հարցն եմ բարձրացնելու:

Նորայր Շողիկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս