Վտանգված բնություն, կամ ինչո՞ւ չի աղմկում գետը
Սոցիալական խնդիրների ծանրության տակ կքած Արցախի հասարակությունը մոռացել է բնության մասին: Մարդիկ թեպետ եւ տեղյակ են, թե ինչ միջավայրում են ապրում, սակայն հետաքրքրված չեն կանխել իրենց իսկ քթի տակ կատարվող անօրինականությունը:
Արցախի Հանրապետության շրջակա միջավայրի բաղադրիչների պահպանությունն օրախնդիր հարց է բնական պաշարների շարունակական վատնման, կենսաբազմազանության կորստի և անապատացման համընդհանուր երևույթների կանխարգելման տեսակետից: Բնական ժառանգության կարևորագույն բաղադրիչների թվում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հողը, անտառները և ջրային ռեսուրսները, որոնք ունեն բնապահպանական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաև ազգային անվտանգությունն ապահովող բացառիկ ռազմավարական նշանակություն: Սակայն մարդկային գործոնների բացասական ազդեցության և գերշահագործման արդյունքում այդ էկոհամակարգերը ներկայումս խիստ վտանգված են: Արցախի Հանրապետության անտառները լեռնային են, ունեն ընդգծված հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, գիտական բարձր արժեք և հարուստ կենսաբազմազանություն:
ԱՀ-ում վերջին տարիների ընթացքում գնալով մեծ թափ են ստանում ապօրինի անտառահատումները, գետերի հուների կազմաքանդումը և վերափոխումը: Անցյալ տարի Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի մերձակա անտառներում երկար ժամանակ չէր դադարում «Դրուժբա» սղոցների ականջ խլացնող աղմուկը: Պարզվեց, որ անտառահատները ընտրովի հատեցին հիմնականում հաճարենու հազարավոր ծառեր: Ո՞ւր անհետացան մանրահատակի համար նախատեսված հաճարենու խմբաքանակը: Ո՞վ էր այդ մասսայական անտառահատման նախաձեռնողը: Ո՞ւմ համար էր նախատեսված: Ինչո՞ւ հենց հաճարենիները: Սա ամենևին էլ եզակի երևույթ չէ: Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղի մերձակա տարածքների անտառներում զանգվածաբար իրականացվեցին սոսենիների հատումներ: Որևէ մեկը պատասխանատվություն կրե՞ց այս ամենի համար: Իրականում հայտնի չեն այդ անօրինական գործողությունների իրական ծավալները և դրանց ինտեսիվությունը:
Անտառկառավարման համակարգի անկատարությունը, կոռուպցիոն ռիսկերի առկայությունը, որոշ արտոնյալ խմբերի ամենաթողությունը և օրենսդրության կիրարկման հետ կապված խնդիրները նպաստում են անտառների անխնա հատումներին՝ կրճատելով կենսաբազմազանությունը, բերելով հողի դեգրադացմանը և խաթարելով էկոհամակարգի կայունությունը: Ապօրինի հատումներն անտառային ոլորտի հիմնախնդրի միայն երևացող կողմն է: Հասարակության համար խորը գնացող արմատներով անտեսանելի գործընթացները, որոնք բերում են անտառային ոլորտի քայքայմանը և անտառների ոչնչացմանը, ավելի մտահոգիչ են: Մոտ ապագայում մենք կունենանք չորացած գետերի հուներ, ամայացած անտառային տարածքներ: Այսօր քախցրահամ ջրի պաշարների հարցը մոլորակի թիվ մեկ խնդիրն է, իսկ մենք անխնա փոշիացնում ենք այս ռեսուրսը: Օրինակ՝ մի գեղատեսիլ վայրում հոսում էր գեղեցիկ գետ, հիմա փոքր ՀԷԿ-երի սեփականատերերը կիլոմետրերով ջուրը ուղղորդել են խողովակի մեջ ու դարձել այդ տարածքի «վիշապը»: Այսօր որոշ իշխանավորներ հպարտությամբ են արձանագրում, որ փոքր ՀԷԿ-երի շնորհիվ էլեկտրաէներգիայի արտադրության առումով ինքնաբավ ենք դարձել:
Հարց է ծագում, բայց ինչպիսի՞ զոհաբերությունների հաշվին: Արցախյան որևէ հասարակական կազմակերպություն կամ իրավական մարմին փորձե՞լ են ուսումնասիրել հանրապետության տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման վիճակը: Առկա՞ են արդյոք ջրաչափերը, որքանո՞վ են դրանք համապատասխանում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին: Պահպանվե՞լ են արդյոք բնապահպանական թողքերի ծավալները, առկա՞ են ձկնապաշտպան կառույցները, ձկնանցարանները, պահպանվու՞մ են ջրօգտագործման թույլտվություներով տրված ջրառի չափաքանակները: Եվ վերջապես, հանրության համար այդպես էլ գաղտնիք է մնում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրվող մեկ կիլովատ էլկտրաէներգիայի ինքնարժեքը, ի՞նչ գնով է այն ձեռք բերում «Արցախէներգո» ՓԲԸ-ն:
Արցախի Արդարություն կուսակցությունը Արցախի պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում բարձրացված խնդիրների վրա, ակնկալելով, որ տվյալ ոլորտում կիրականացվի մանրակրկիտ հետազոտություններ, գերխնդիր համարելով շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնակչության առողջությունը, իսկ դրանց արդյունքների և պատասխանատվության ենթարկված անձանց մասին տեղեկացնել հանրությանը:
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյան