Բաժիններ՝

«Այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ պետք է համախմբենք մեր ամբողջ տնտեսագիտական ներուժը՝ անկախ կուսակցական պատկանելությունից». Բաբկեն Թունյան

«Ես ակնկալում եմ սերտ աշխատանք` ինչպես հանձնաժողովի ներսում պատգամավորների միջև, այնպես էլ՝ շատ սերտ համագործակցություն հատկապես ընդդիմադիր պատգամավորների միջև»,- Ազգային ժողովի նստաշրջանում իր ելույթի ընթացքում համագործակցության կարևորության մասին շեշտեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Շատ կարևոր է նաև համագործակցությունը Ազգային ժողովի աշխատակազմի հետ, Տնտեսագիտական վարչության, կառավարության և այլ առընթեր մարմինների հետ և նաև Ազգային ժողովի մաս չկազմող կազմակերպությունների ու փորձագետների հետ: Մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ մեզ պետք է մի տեղ համախմբել մեր ամբողջ տնտեսագիտական ներուժը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ նախասիրություններից, անկախ սիմպատիաներից: Ես վերջին տարիների ընթացքում հասցրել եմ ծանոթանալ Հայաստանում քիչ թե շատ ճանաչված գրեթե բոլոր տնտեսագետների հետ, ու բոլորի հետ ունենք նորմալ հարաբերություններ, փոխադարձ հարգանք, ու, ամենակարևորը, բոլորը պատրաստակամություն են հայտնել թե՛ իրենց խորհուրդներով, թե՛ գիտելիքներով նպաստել մեր տնտեսական ծրագրերին, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ անկախ քաղաքական կամ այլ տարաձայնություններից՝ բոլորս էլ գտնվում ենք մի նավում, ու այս երկրի հաջողությունը բոլորի հաջողությունն է, անհաջողությունը՝ բոլորի անհաջողությունը»:

Բաբկեն Թունյանն իր ելույթում հայտնեց նաև, որ հանդիպել է Տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի հետ.

«Խորհուրդ լսելը միշտ օգտակար է: Կարող եք խորհուրդները անտեսել, կամ համաձայնել, բայց փորձառու մարդկանց հետ, անկախ նրանից, թե դուք ինչ վերաբերմունք ունեք, կամ ինչ քաղաքական ճամբարում եք, որևէ կոմպլեքսավորվածություն չի կարելի ցուցաբերել»:

Բ. Թունյանը կարևորում է նաև հաղորդակցման գործոնը հասարակության հետ.

«Ձախողումների մեջ մեծ բաժին ունի այն հանգամանքը, որ հասարակության հետ կառավարությունը կամ իշխանությունը պատշաճ չի երկխոսում: Այսինքն, պետք է մանրամասն ներկայացնել՝ ինչ ենք անում և ինչի համար ենք անում: Եթե չի ստացվում այդ երկխոսությունը, հարցեր են առաջ գալիս, որոնց տեղը լցվում են արդեն տարբեր մանիպուլյացիաներով»:

ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս