Բաժիններ՝

Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիան նախաձեռնող Ջիվան Աբրահամյանը սեղմեց փաստաբանի ձեռքը

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։

Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում  միայն նշեց, որ նիստը հետաձգվել է` չներկայացնելով պատճառը և այն, թե հաջորդ նիստը երբ է տեղի ունենալու. «Այսօր որոշում չի լինելու ո՛չ միջանկյալ, ո՛չ էլ ըստ էության»,- ասաց փաստաբանը։

Այնուհետև փաստաբանը մոտեցավ Վերաքննիչ դատարանի մոտ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, վերջիններս Արսեն Մկրտչյանին հավաստիացրեցին, որ նրա դեմ անձնական որևէ բան չունեն, իրենց ամբողջ բողոքն այն է, որպեսզի տեղի ունենա արդար դատավարություն։

Ինչ վերաբերում է փաստաբանի մեքենան վնասելուն, ակցիայի մասնակիցները նշեցին, որ այն ընդամենը սադրանք է եղել։

Բողոքի ակցիան նախաձեռնող Ջիվան Աբրահամյանն էլ սեղմելով փաստաբանի ձեռքը՝ վստահեցրեց, որ ապօրինի որևէ գործողություն չեն իրականացնի և կսպասեն դատարանի որոշմանը։ Նրանք հաշտվեցին և դատարանի մոտից միասին հեռացան։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս