Մանվել Գրիգորյանի դեմ ակցիայի մասնակիցներն արձագանքեցին Նիկոլ Փաշինյանին.  որևէ կլանի չեն պատկանում

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել էր 168.am-ը, Մանվել Գրիգորյանի դեմ բողոք իրականացնող ակցիայի մասնակիցներն առավոտյան Էջմիածինից շարժվել էին դեպի Երևան և այս պահին Վերաքննիչ դատարանի մոտ սպասում են նիստի ավարտին։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները նախորդ դատական նիստի հետաձգվելու կապակցությամբ հայտարարել էին, որ կփակեն ճանապարհներ, իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն այնքան ժամանակ, մինչև արդար դատավարություն տեղի չունենա, և Մանվել Գրիգորյանը կրկին չձերբակալվի։ Իսկ այս հայտարարությունից առաջ բողոքողները փակել էին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, ինչի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղի եթերի ժամանակ հայտարարել էր.

«Որոշ կլանային ուժեր փորձում են այդ պրոցեսը օգտագործել՝ ասելով, թե՝ «բա լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք «փագըմ»: Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է նաև՝ ապահովել ճանապարհների անցանելիությունը»:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ բողոքի ակցիայի մասնակիցները միաձայն նշեցին, որ որևէ կլանի չեն պատկանում։

Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք Մ. Գրիգորյանը նիստին կմասնակցի՞, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի առողջական վիճակին, Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ վատ, ինչպես և եղել է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս