Բրիտանական խորհրդարանը Brexit-ի նոր պլանի շուրջ կքվեարկի հունվարի 29-ին
Բրիտանական խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն: Այդ մասին հայտնել է Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը:
Նախօրյակին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը հունվարի 16-ի երեկոյան ձայների ոչ մեծ գերակշռությամբ խուսափել է խորհրդարանի անվստահության քվեից, ասել է, որ կառավարությունը Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իրադրության կարգավորման պլանը կներկայացնի հունվարի 21-ին: Դրանից մեկ օր առաջ Միացյալ Թագավորության խորհրդարանականները մերժել էին Brexit-ի վերաբերյալ վարչապետի կողմից սկզբանապես առաջարկված համաձայնագիրը: Այդպիսով, Լոնդոնը իրադարձությունների զարգացման մի շարք հնարավոր սցենարների, այդ թվում՝ ԵՄ-ից երկրի «ամենակոշտ» ձեւով դուրս գալու եւ ընդհանրապես՝ Brexit-ի չեղարկման ճանապարհ է բացել:
«Brexit-ի գծով կառավարության հաջորդ քայլերի վերաբերյալ օրինագիծը կմտցվի հունվարի 21-ին: Օրինագծի շուրջ բանավեճերը եւ քվեարկությունը կտեւեն ողջ օրը եւ, պալատի համաձայնության դեպքում, կանցկացվեն հունվարի 29-ին»,-ասել է Լիդսոմը՝ հունվարի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանականների առջեւ:
«Պլան Բ»-ի բովանդակության մասին ներկայում ոչինչ հայտնի չէ: Կառավարությունը խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաներ է վարում ԵՄ-ից դուրս գալու պայմանների հարցի շուրջ: Կոնսուլտացիաներին հրաժարվել են մասնակցել միայն լեյբորիստները, որոնք հայտարարել են, թե Մեյի կառավարությունի ի վիճակի չէ կառավարել երկիրը եւ Մեծ Բրիտանիան շահավետ պայմաններով դուրս բերել ԵՄ-ի կազմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: