Բաժիններ՝

ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը հափշտակել է 1 մլն 400.000 դրամ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ շինարարական ոլորտում տնտեսական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը մեկ այլ ընկերության տնօրենին օգնելու պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է խոշոր չափերով գումար:

Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեխանիզմը:

Մասնավորապես՝ 2017թ. մարտ ամսին աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերության տնօրենը հանդիպել է ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին և խնդրել օգնել իրեն՝ շինարարական գործունեությամբ զբաղվելու հարցում:

Հիմնադիր-տնօրենը վերջինիս հայտնել է, որ շինարարական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա, նախապես գրանցվել գնումների կայքում և ունենալ շինարարական աշխատանքների փորձ՝ ծավալ, և խոստացել նրան տրամադրել արդեն իսկ իր կողմից շահած՝ 2016թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և մի ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրից 10.000.000 ՀՀ դրամ շինարարական աշխատանքների ծավալ, որից առաջանալու էր 2.000.000 ՀՀ դրամի չափով ավելացված արժեքի հարկ:

Միաժամանակ, բացատրել է, որ պետք է իրեն վճարի նշված 2.000.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած ծառայությունները՝ մասնագիտական խորհրդատվությունը, գնումների կայքում գրանցելը, ըստ էության, պետք է իր կողմից կատարվի անվճար հիմունքներով:

2017թ. մարտի 29-ին աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերության տնօրենը ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենի՝ Էջմիածին քաղաքում գտնվող աշխատասենյակում փոխանցել է 1.400.000 ՀՀ դրամ, սակայն մոտ մեկ ամիս անց՝ 2017թ. ապրիլին, հայտնել, որ հրաժարվում է իր մտադրությունից:

Ի պատասխան՝ ՍՊԸ հիմնադիր-տնօրենը հայտնել է, թե իրենք պայմանավորվածություն են ունեցել, ինքը բազմիցս զգուշացրել է, որ գործը սկսելուց հետո գումարը հետ վերադարձնել չի կարող, բացի այդ, այն արդեն ծախսվել է գործի մեջ՝ այդպիսով հրաժարվելով վերադարձնել իրեն փոխանցված 1.400.000 ՀՀ դրամ գումարը:

Նախնական քննության տվյալներով՝ հիմնադիր-տնօրենը կազմել է ծառայությունների վճարովի՝ 2.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, մատուցման պայմանագիր, որի համաձայն՝ պայմանագրի պատվիրատու կողմ է հանդիսանում աղբի վերամշակմամբ զբաղվող ՍՊԸ-ն, իսկ կատարող կողմը՝ ինքը: Ըստ նշված պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել ծառայություններ՝ տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, գրանցել armeps.am համակարգում, մասնակցել մրցույթներին, էլեկտրոնային տարբերակով լրացնել և ներկայացնել հայտեր և հայտերին կից նախատեսված փաստաթղթեր, 2-րդ փուլով լրացնել, ներկայացնել որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթղթեր և մրցույթներին մասնակցել կոնսորցիումով, որը, սակայն, պատվիրատուի՝ աղբահանությամբ զբաղվող ընկերության կողմից ստորագրված չի եղել:

Այս կերպ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը փորձել է ցույց տալ, որ 2.000.000 ՀՀ դրամը ոչ թե իր նշած ավելացված արժեքի հարկի գումարն է, այլ՝ իր կողմից մատուցած ծառայությունների:

Այսինքն՝ թաքցնելով իր իրական նպատակները, դիտավորություն ունենալով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել վերջինիս գույքը՝ շինարարական գործունեությամբ զբաղվելու հարցում օգնելու պատրվակով և իբր ավելացված արժեքի հարկ վճարելու պատճառաբանությամբ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը հափշտակել է ստացված 1.400.000 ՀՀ դրամը:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊԸ ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և այն, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս