Սիրիայում եղանակի պատճառով չեղարկվել են պարապմունքները դպրոցներում
Սիրիայում շարունակվող անբարենպաստ եղանակը հանգեցրել է Դամասկոսի նահանգի բոլոր դպրոցներում պարապմունքների չեղարկման եւ մի շարք համալսարաններում քննությունների հետաձգման, սակայն նավահանգիստներն արդեն բաց են նավագնացության համար:
Հունվարի 16-ին Դամասկոսում մոլեգնել է հերթական ցիկլոնը, որն իր հետ բերել է Սիրիայի մայրաքաղաքի համար հազվադեպ երեւույթ՝ ձնատեղում: Հունվարի 17-ի առավոտյան ձյունը դադարել է, սակայն սաստկացել է փոթորկալից քամին, որի արագությունը հասնում էր ժամում 45 կիլոմետրի:
al-Watan տեղական թերթը հայտնել է, որ հունվարի 17-ին նշանակված քննությունները չեն կայանա Դամասկոսի համալսարանում եւ Սիրիայի հարավի Սուվեյդա նահանգի բոլոր բուհերում: Իր հերթին Դամասկոսի նահանգի կրթության դեպարտամենտը հայտարարել է նահանգի բոլոր դպրոցներում, որոնք մոտավորապես 1100-ն են, հանգստյան օր սահմանելու մասին, ինչը պայմանավորված է եղանակային պայմաններով:
Սիրիայի օդերեւութաբանական պետական վարչության տվյալներով՝ հունվարի 16-ի ձնատեղման եւ տեղատարափների պատճառով Դամասկոսում տեղումների տարեկան նորման արդեն գերազանվել է: Հունվարի 17-ի դրությամբ, Սիրիայի մայրաքաղաքում գրանցվել են 221 միլիմետր տեղումներ այն դեպքում, երբ տարեկան նորման կազմում է 207 միլիմետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: