
Կիմ Չեն Ունն իր պատվիրակի միջոցով նամակ է փոխանցել Թրամփին. Yonhap

Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը ԱՄՆ իր այցի ընթացքում պետք է փոխանցի ԿԺԴՀ-ի առաջնորդի նամակը, որը հասցեագրված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին հայտնել է Yonhap հարավկորեական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ հանձնակատարն ուղերձը կհանձնի հունվարի 18-ին Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների ընթացքում: Նամակի բովանդակությունը չի ճշտվում: Հունվարի 15-ին CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ անցած կիրակի Սպիտակ տան տերը ուղերձ է հղել Կիմ Չեն Ունին:
The Wall Street Journal թերթի տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի պատվիրակը հունվարի 17-ի երեկոյան կժամանի Վաշինգտոն՝ բանակցելու Կորեական թերակղզու միջուկազերծման հնարավորության եւ ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ պատմության մեջ երկրորդ գագաթնաժողովի անցկացման շուրջ:
The Washington Post թերթը հունվարի 16-ին այս մասին հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ նոր գագաթնաժողովի անցկացման ժամկետն ու վայրը հայտարարել հունվարի 18-ին՝ Սպիտակ տանը Փհենյանի հանձնակատարի սպասվող հանդիպման արդյունքներով:
Հրապարակման մեջ շարադրված տեղեկություններին համապատասխան, ամերիկա-հյուսիսկորեական բարձր մակարդակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մարտին կամ ապրիլին: Որպես այդ բանակցությունների կազմակերպման «առավել հավանական» վայր թերթը, ինչպես եւ մի քանի այլ զանգվածային լրատվամիջոցներ, նշում են Վիետնամի Դանանգը, որտեղ 2017 թվականին կայացել է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: