ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպության աշխատանքի հիմնական ուղղությունները 2019 թվականին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ 2019 թվականին կազմակերպության աշխատանքի հիմնական ուղղությունները կլինեն կլիմայական փոփոխությունները, Եմենի, Լիբիայի, Սիրիայի եւ Աֆղանստանի ճգնաժամերը։
«Մենք կշարունակենք ամրապնդել գործընկերությունը Աֆրիկյան միության հետ, որպեսզի համախմբենք այդ մայրցամաքում խաղաղության հասնելու ջանքերը եւ Մալիում, Սախելում, Հարավային Սուդանում, Սոմալիում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ճգնաժամերի երկարաժամկետ լուծումներ գտնենք»,-նշել է գլխավոր քարտուղարը Գլխավոր ասամբլեային հղած ուղերձում: Նա առանձնակի ուշադրություն է դարձրել Եմենին, Սիրիային եւ Լիբիային:
«Անցած ամսին Եմենի շուրջ ձեռք բերված ստոկհոլմյան համաձայնագիրն օգնեց խուսափել Հոդեյդայում աղետալի զինված բախումից, ինչը զգալիորեն կմեծացներ սովի սպառնալիքը,-նշել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:-Սակայն դեռ շատ բան պետք է արվի՝ ապահովելու հակամարտողների կողմից իրենց պարտավորությունների կատարումը եւ քաղաքական գործընթացի կազմակերպումը, որը կբերի խաղաղության»:
Լիբիայում, Գուտերիշի խոսքով, հաջողվում է պահպանել ՄԱԿ-ի կողմից ապահովվող հրադադարը:
«Այժմ եկել է ժամանակը օգնել լիբիացիներին՝ միավորվելու եւ պայմաններ ստեղծելու ազգային խորհրդաժողովի գումարման համար, որը կշարունակի միավորման եւ ընտրությունների անցկացման գործընթացը»,-ասել է նա: Խոսելով Սիրիայի մասին՝ գլխավոր քարտուղարը խոստացել է, որ իր նոր հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենը կշարունակի քաղաքական կարգավորման հասնելուն ուղղված ջանքերը:
«Սիրիայում դեռեւս հեռու է պատերազմի ավարտը,-արձանագրել է Գուտերիշը:-Միլիոնավոր քաղաքացիներ մնում են որպես ժամանակավոր վերաբնակներ կամ ապրում են նոր հումանիտար աղետի մշտական վախով: Իմ նոր հատուկ դեսպանորդը կձգտի քաղաքական կարգավորման հասնել Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի եւ Ժնեւի կոմյունիկեի համաձայն, այնպիսի կարգավորման, որը հաշվի կառնի բոլոր սիրցիացիների ձայները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: