
Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբի անդամները հանդիպել են Իսպանիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլի հետ:
Շարունակվում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի հանդիպումներն ու դիտարկումները Մադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեցին մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացավ հանդիպում նաև «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որը ներկայացրեց, թե ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վնասվածքներից հետ վերականգնման ընթացքում:
Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որն իր փորձը հաղորդեց և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով:
Մեր մարզիչները հանդիպեցին նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու նախկին ֆուտբոլիստներին էլ հանձնեց հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:
Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբը նախօրեին ներկա եղան Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ժիրոնա» հանդիպմանը: