
Մահացել է աշխարհի խոշորագույն ներդրողներից մեկը՝ Ջոն Բոգլը

89 տարեկան հասակում մահացել է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ Vanguard Group-ի հիմնադիր Ջոն Բոգլը: Այդ մասին հայտնել է Philly. Com պորտալը՝ վկայակոչելով ներդրողի ընտանիքին:
Նշվում է, որ Բոգլը տառապում էր սրտի հետ կապված խնդիրներից: Սրտի առաջին տագնապը նա ունեցել է 30 տարեկան հասակում:
1975 թվականին Բոգլը հիմնել է Vanguard Group-ը: Ինչպես հայտնել է CNBC հեռուստաալիքը, առաջին տարում ընկերության տնօրինած ակտիվների չափը կազմել է 1,7 միլիարդ դոլար:
Մինչեւ 2018 թվականն այդ թիվն աճել է մինչեւ 5,1 տրլն դոլար: 1999 թվականին Fortune-ը Բոգլին ճանաչել է որպես 20-րդ դարի ներդրումային սեկտորի չորս հսկաներից մեկը, իսկ 2014 թվականին Time-ը նրան ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: