
Հունաստանի կառավարությունը վստահության քվե ստացավ խորհրդարանում

Հունաստանի խորհրդարանականներն աջակցություն են հայտնել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը: Այդ մասին հայտնել է Աթենքի նորությունների գործակալությունը:
Գործող կառավարությանը վստահություն է հայտնել խորհրդարանի 151 պատգամավոր: Դեմ են արտահայտվել 148-ը: «Այսօր խորհրդարանը քվեարկեց կայունության օգտին: Նա վստահության քվե տվեց երկրի միջազգային հեղինակության վերականգնման ջանքերին»,- քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարել է վարչապետը:
Անցած կիրակի օրը Ցիպրասը խորհրդարանի առջեւ դրել էր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Նա այդ քայլին էր դիմել այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, որը գլխավորում է «Անկախ հույներ» կուսակցությունը, պաշտոնաթող էր եղել: Նա պաշտոնից հեռացել է ի նշան Մակեդոնիայի անվանման համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրության դեմ բողոքի, հաղորդել է «Ինտերֆաքսը»: