
Թրամփն ստորագրեց չվճարվող արձակուրդ ուղարկված ծառայողներին փոխհատուցում վճարելու մասին օրենքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին ստորագրել է պետական այն ծառայողներին փոխհատուցում վճարելու մասին օրենքը, որոնք աշխատավարձ չեն ստանում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Օրենքի տեքստում չի նշվում վճարումների ստույգ գումարը, այլ միայն ասված է կառավարության աշխատանքի կասեցումից «տուժած ֆեդերալ եւ մյուս պետծառայողների փոխհատուցում տրամադրելու» անհրաժեշտության մասին: Անցած շաբաթ այդ նախաձեռնությանը հավանություն էին տվել ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ պալատները:
2018 թվականի դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում մասնակիորեն կասեցվել է կառավարության աշխատանքը՝ կապված բյուջետային միջոցների բացակայության հետ: Առանց ֆինանսավորման է մնացել պետական աշխատակազմի քառորդ մասը՝ ինը նախարարություն՝ 800 հազար աշխատակիցներով, որոնցից 380 հազարն ուղարկվել են չվճարվող արձակուրդ: Մնացածներն առանց աշխատավարձի շարունակում են աշխատել արդեն 26 օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: