Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը, որի օրակարգային գլխավոր հարցը նվիրված է եղել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծերի քննարկմանը: Այս մասին տեղեկացրին Հանրային խորհրդից՝ հավելելով. «Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել փաստաթղթի նախագիծը:
Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությունը, նախ և առաջ պետք է համահունչ լինի միջազգային փաստաթղթերին, նման ռազմավարությունների կազմման համար ամրագրված սկզբունքներին, մասնավորապես, հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության մեջ (2013 թվական, հոկտեմբերի 21-22) տեղ գտած սկզբունքներին:
«Այս փաստաթուղթը պետք է կազմված լինի նաև այնպես, որ շարքային քաղաքացին կարդա և հասկանա, թե իր կյանքում ինչ է փոխվելու դրա իրականացման արդյունքում»,-ասել է Զադոյանը՝ հավելելով, որ նպատակահարմար չէ դրանում ներառել այնպիսի փոքրագույն խնդիրներ, ինչպիսիք են աշխատանքային գրքույկների թվայնացումը և այլն:
Անդրադառնալով հակակոռուպցիոն անկախ մարմին ունենալու հարցին՝ Զադոյանն ասել է, որ կարելի է տասնյակից ավելի մարմինների անուններ թվարկել, որոնք վերջին տարիներին զբաղվել և զբաղվում են կոռուպցիայի դեմ պայքարով, սակայն չկա գեթ մեկ մարմին, որը պատասխանատու է այդ պայքարի արդյունքների համար. «Այսինքն, մինչ օրս գործել է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված մոդել, որն իրեն չի արդարացրել»:
Զադոյանի խոսքով՝ հանրային քննարկման ներկայացված Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նույնպես չի նախատեսվում անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծում, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և նախաքննության, հետաքննության ու օպերատիվ-հետախուզական գործառույթներով. «Մինչդեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու հարցին և փաստել այդպիսի մարմին ունենալու անհրաժեշտության մասին»:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ հատուկ մասնագիտացված դատական կազմեր ունենալու անհրաժեշտության հարցը: Շեշտվել է, որ ներկայումս մի շարք երկրներում կան հատուկ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։
«Ռազմավարության նախագծով նախատեսվում է իրական սեփականատերերի գրանցամատյանի ներդրում, որի դեպքում միայն գրանցամատյան կստեղծվի և կգործարկվի, որի արդյունքում իրավաբանական անձանց իրավունք է տրվում, այլ ոչ թե պարտականություն սահմանվում բացահայտելու իրական սեփականատերերին»,-նշել է Զադոյանը՝ առաջարկելով հիմնել իրական սեփականատերերի ռեեստր, որտեղ բոլոր իրավաբանական անձինք պարտավորված կլինեն գրանցվելու և բացահայտելու իրենց իրական սեփականատերերին:
Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նույնպես ներկա է եղել նիստին, կարծիք է հայտնել, որ ռազմավարության նախագծում շատ քիչ տեղ է հատկացված իրականացվելիք միջոցառումներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) մասնակցությանը: Նրա խոսքով՝ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման բոլոր փուլերում՝ սկսած հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, փաստաթղթերի քննարկման և փորձաքննության, հանրային իրազեկման և կրթական ծրագրերի իրականացումից, վերջացրած իրականացվող միջոցառումների մշտադիտարկման և գնահատման փուլով, անհրաժեշտ է նախատեսել և հնարավորինս ընդլայնել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների մասնակցությունն ու դերակատարությունը: «Մասնավորապես, հակակոռուպցիոն քաղաքականության դրույթների քննարկման, համապատասխան իրավական և նորմատիվ փաստաթղթերի լրամշակման նպատակով օգտակար կլինեն Հանրային խորհրդի հարթակի գործառնումը, քննարկումների կազմակերպումը ՀԽ հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում»,-նշել է Հովհաննիսյանը:
Հանրային խորհրդի անդամ Մարատ Ատովմյանն էլ ընդգծել է, որ թեև նախագծով հանրային իրազեկմանն ու հակակոռուպցիոն կրթությանը նվիրված առանձին բաժին է նախատեսված, սակայն այդ բաժնից դուրս են մնացել երկրի եռաստիճան կրթական համակարգում հակակոռուպցիոն կրթությունը բովանդակային հենքի վրա դնելուն ուղղված միջոցառումները, ինչը բխում է նաև ՏՀԶԿ զեկույցից: «Այնինչ, հասարակության շրջանում կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության վերաբերմունք ձևավորելու գործում զգալի նշանակություն ունի սերունդների հակակոռուպցիոն դաստիարակության հարցը, որի լուծման համար պատասխանատվության իրենց բաժինը պետք է վերցնեն երկրի եռաստիճան կրթական համակարգի դերակատարները»,-նշել է նա:
ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի վերաբերյալ իր առաջարկությունների փաթեթը կներկայացնի ՀՀ Հանրային խորհրդին, որի կողմից հաստատվելուց հետո փաթեթը կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարություն՝ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի վերջնական տարբերակում ներառելու նպատակով»։