«Եթե դահլիճում նստած է դեսպանի որդին, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ կա նաև հարցի բարոյական կողմը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի վերաբերյալ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների միջև ծավալված բանավեճին:
«Բնականաբար, եթե դահլիճում նստած է դեսպանի որդին, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ կա նաև հարցի բարոյական կողմը, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ մենք պետք է անենք առավելագույնը, որ գործընթացները լինեն բացառապես կոռեկտության սահմաններում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ լարվածությունը երկու խմբակցությունների միջև ԲՀԿ-ն չի սկսել. «Մենք քանիցս ասել են՝ մենք երբեք որևէ մեկի անձնական տիրույթ չենք մտնելու, մենք երբեք չենք փորձելու քաղաքական գործընթացների մեջ անպայման անձնական թիրախներ ընտրել, բայց երբ որ կլինեն նման նախադեպեր, բնականաբար, պատասխանն անպայման լինելու է: Բոլոր նրանք, ովքեր փորձում են քաղաքական բովանդակության մեջ անձնական թիրախներ ընտրել և անձերի թիրախավորել, պետք է պատրաստ լինեն, պատասխանն անպայման լինելու է»: