
Մահացել է դերասանուհի Քերոլ Չենինգը. Fox News

Կյանքի 98-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Քերոլ Չենինգը, որը հանրաճանաչ է դարձել «Հելլո, Դոլլի» բրոդվեյյան մյուզիքլում Դոլլի Լեւիի դերի կատարման շնորհիվ: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանուհու գործակալին:
Նրա տեղեկատվության համաձայն, Չենինգը մահացել է հունվարի 15-ի առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ռանչո Միրաժ քաղաքի իր տանը: Քերոլ Չենինգը ծնվել է 1921 թվականին Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ): Դերասանուհին իր թատերական կարիերան սկսել է 1941 թվականին, հաջողության է հասել 1949 թվականին Բրոդվեյում «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» բեմադրությանը մասնակցելուց հետո:
1964 թվականին նա լավագույն դերասանուհի անվանակարգում «Թոնի» մրցանակին է արժանացել «Հելլո, Դոլլի» մյուզիքլում Դոլլի Լեւիի դերը կատարելուց հետո: Դերասանուհին հազվադեպ է հայտնվել կինոյում, սակայն «Շատ ժամանակակից Միլլին» մյուզիքլում (1967 թ.) խաղացած դերը նրան «Օսկար»-ի անվանակարգ բերեց որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի եւ «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ նույն անվանակարգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: