
Քիմ Քարդաշյանը հրապարակել է չորրորդ երեխայի սեռը

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ երաժիշտ Քանյե Ուեսթը, ծնող կդառնան չորրորդ անգամ: Այդ մասին Քարդաշյանը հայտնել է Էնդի Քոենի մասնակցությամբ Watch What Happens Live հեռուստաշոուի եթերում։
Ռեալիթի շոուի աստղը հայտարարել է, որ երեխային կրում է փոխնակ մայրը, սակայն ոչ նա, ով զույգին օգնել էր ունենալ նախորդ երեխային: Աստղային ընտանիքի նոր անդամի սեռն արդեն հայտնի է. նրանք տղա են ունենալու: Քարդաշյանի խոսքով՝ դա տեղի կունենա արդեն գարնանը: Աստղը հայտարարել է, որ փոխնակ մոր հետ հաճախում է բժշկի, նա ունի «այն ամենը, ինչի կարիքն ունի», իսկ հղիությունը հարթ է ընթանում:
Քիմը շոուին ներկա է եղել իր քույրերի՝ Քորթնիի եւ Քլոուի հետ միասին: Աղջիկները շատ են զարմացել, երբ Քիմից լսել են այդ նորությունը: Հեռուստաաստղը բացատրել է, որ որոշել է հաստատել լուրերը, քանի որ ինչ-որ մեկին այդ մասին արդեն բերանից թռցրել է Սուրբծննդյան ճրագալույցի կապակցությամբ կազմակերպված երեկույթում:
38-ամյա Քարդաշյանը եւ 41-ամյա Քանյե Ուեսթը դաստիարակում են երեք ընդհանուր երեխաների՝ չորսամյա դստերը՝ Նորթին, մեկուկես տարեկան որդուն՝ Սեյնթին եւ 11-ամսական դստերը՝ Չիկագոյին, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: