Բաժիններ՝

Թուրքիայի ռազմական արդյունաբերության 8 առաջնահերթ նախագծերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ռազմական արդյունաբերության համար առանձնացրել է առաջիկա 5 տարվա 8 գլխավոր նախագիծ:

Էրդողանի հանձնարարությամբ որպես ռազմավարական առաջնահերթություն են դիտարկվելու հետևյալ նախագծերի իրականացումը՝ ռոբոտ զինվորներ, ինքնավար մեքենաներ, տեղական սուզանավ, տեղական ավիակիր, նոր սերնդի կործանիչ, մեծ հեռահարությամբ կռուիզ հրթիռներ, տեղական արբանյակ բաց թողելու համակարգ և կիբեռ բանակ:

Ռոբոտ զինվորներ

Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ զինվորների ստեղծումը նպատակ ունի կանխել մարդկային կորուստները, հատկապես բաց կամ ականապատ դաշտում ռազմական գործողություններ անելիս:

Տեղական սուզանավ

Մինչև 2023 թվականը պետք է զինված ուժերին մատակարարվի նոր սերնդի տեխնոլոգիաներով արտադրվելիք առաջին տեղական արտադրության սուզանավը, որը կարողանալու է 15 օր մնալ ջրի տակ: 2.7 մլրդ դոլարանոց նախագծի շրջանակներում արտադրվելիք սուզանավը կարողանալու է առանց լիցքավորվելու ծովային ճանապարհով հասնել ԱՄՆ-ի ափեր և հետ վերադառնալ: Սուզանավը հեղուկ վառելիքի միջոցով կարողանալու է էլեկտրաէներգիա արտադրել:

Տեղական ավիակիր

Թուրք ինժեներների նախագծած ավիակիրը ծով իջեցնելուց հետո Թուրքիան դառնալու է աշխարհի՝ ավիակիր ունեցող փոքրաթիվ երկրներից մեկը: Նշվում է, որ նախագծի ավարտին հաշված օրեր են մնացել:

Ինքնավար մեքենաներ

Ինքնավար զինված մեքենաները օգտագործվելու են ականների հայտնաբերման ու վնասազերծման, ինչպես նաև քաղաքային մարտերում մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Նոր սերնդի կործանիչ

Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրվելիք կործանիչը հագեցած է լինելու «ASEA» ռադարով:

Մեծ հեռահարությամբ հակաօդային և հակահրթիռային համակարգ

Նախագիծն իրականացվում է «SSM», «ASELSAN», «ROKETSAN» և «EUROSAM» ռազմաարդյունաբերական ընկերությունների կողմից: համակարգը պետք է լինի արդեն առկա «SAMP-T» ՀՕՊ համակարգի կատարելագործված տեսակը:

Արբանյակ բաց թողելու համակարգ

Նախագծի շրջանակներում պետք է հիմնվի տեխնոպարկ, պետք է արտադրվեն արբանյակը տեղափոխելու համար մեքենաներ ու այլ օժանդակ սարքավորումներ, ինչպես նաև հիմնվելու է արբանյակ բաց թողելու կայան:

Կիբեռ բանակ

Սկսվել են նախագծեր, որոնց շրջանակներում ստեղծվում է կիբեռ բանակ: Այն նպատակ ունի երկիրը պաշտպանել ներքին ու արտաքին հաքերային վտանգներից: Թուրքիայի զինված ուժերի համար ստեղծվելու են տեղական ծրագրային ապահովումներ, որոնք օգտագործվելու են կիբեռ պատերազմների ժամանակ:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս