Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջին մեկ ամսվա ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Մասնավորապես, դեկտեմբեր–հունվար ամիսներին ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք քաղաքացիներ ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններ ինքնակամ ներկայացրել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր,  ինքնաձիգեր, հակահետևակային ականներ, պայթուցիչներ, նռնակներ, պայթուցիկ նյութեր, պահունակներ, տարբեր տրամաչափի, ընդհանուր առմամբ, շուրջ 2000 փամփուշտներ:

ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-ռազմամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ, և ըստ այդմ, քաղաքացիներին կոչ ենք անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ  մարմիններին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն     
15.01.2019թ.

 

Տեսանյութեր

Լրահոս