Բաժիններ՝

Օպերայի հարակից տարածքի կանաչապատումը երևանցիների ցանկությունն է. Հայկ Մարության

Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը սկսելու է մայրաքաղաքում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթաց։ Մասնավորապես՝ օպերայի տարածքում գործող որոշ սրճարանների զբաղեցրած տարածքներ պետք է ամբողջությամբ կանաչապատվեն, իսկ գործընթացը սկսվելու է գարնանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով սրաճարանների որոշ սեփականատերերի դժգոհություններին և մասնավորապես այն խոսակցություններին, որ քաղաքապետարանի գործողություններն ուղղված են  «Ջազվե» և «Ռիչ» սրճարանների դեմ, նկատեց, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, և նման միտում չկա։

«Նշված սրճարաններից այլ տեղերում էլ կան, եթե նման միտում լիներ, ապա դրանց վերաբերյալ էլ նման որոշում կկայացվեր։ Սակայն Հայաստանում որևէ գործողություն չի արվում ինչ-որ մեկի դեմ, եթե նա գործում է օրենքի սահմաններում։ Տարիներ շարունակ կան խոսակցություններ, որ օպերայի տարածքը գրավել են, բոլորդ էլ այդ խոսակցություններին լավ ծանոթ եք։ Վերջապես եկել է մի իշխանություն, որի ձեռքերն ազատ են, կախված չեն որևէ մեկից, և կարողանում է իրագործել երևանցիների ցանկությունը»,- նշեց Հ. Մարությանը։

Նշենք, որ, ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության, Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների տնտեսվարողների համար, ըստ պայմանագրի՝ փոխհատուցում նախատեսված չէ.

«Սակայն քաղաքային իշխանությունը, կարևորելով ձեռնարկատիրությունը խթանելու քաղաքականությունը, առաջարկում է շարունակել գործունեությունը քաղաքի այլ՝ ավելի պատշաճ հատվածներում:

Արդեն գարնանը, նախագծի համաձայն, տարածքները կբարեկարգվեն և կկանաչապատվեն, կվերականգնվի դրանց երբեմնի նշանակությունն ու տեսքը»,- նշված է հայտարարության մեջ:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս