«Բոկո հարամ»-ի զինյալները քաղաք են գրավել Նիգերիայի հյուսիս-արևելքում. The Punch
«Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Բոռնո նահանգի քաղաքներից մեկը: Այդ մասին հայտնել է The Punch տեղական թերթը: «Ահաբեկիչները կատաղի մարտերի արդյունքում գրավել են զինվորականների դիրքերը Ռանն քաղաքում»,- հրատարակությունը մեջբերում է նիգերական բանակի անանուն աղբյուրին: Նա նաեւ նշել է, որ Նիգերիայի կառավարական ուժերը հարկադրված են եղել թողնել քաղաքը: Այսպիսով, Ռաննը փաստորեն անցել է զինյալների հսկողության ներքո:
Նշվում է, որ բնակավայրում գտնվում է փախստականների ճամբար, որտեղ տեղաբաշխված են շուրջ 350 հազար ներքին վերաբնակներ: «Ահաբեկիչներն սկսել են հրկիզել ճամբարի հարկադիր վերաբնակների պատսպարանները: Ներկայում զոհերի մասին տվյալներ չկան»,-հայտարարել է հումանիտար առաքելության աշխատակիցը: Նա նաեւ նշել է, որ փախստականները հարկադրված են եղել փախչել դեպի Կամերունի հետ սահման:
«Բոկո հարամ»-ն իսլամիստական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Նրա զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում: 2009 թվականից «Բոկո հարամ»-ի զինյալների կողմից ավելի քան 27 հազար մարդ է սպանվել Չադ լճի ավազանի երկրներում: Մոտավորապես 2,6 մլն մարդ փախստական ու հարկադիր վերաբնակ է դարձել:
Հակամարտության գոտում հայտնված 11 միլիոնից ավելի նիգերիացիներ շտապ հումանիտար օգնության կարիք ունեն: 2015 թվականի մարտին խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: