Բաժիններ՝

Լոնդոնում Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կնոջ գործով հետաքննությունը շարունակվում է

Լոնդոնում Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ և ներկայումս Բաքվում ազատազրկված բանկիր Ջհանգիր Հաջիևի կնոջ նկատմամբ հարուցված գործի հետաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Լոնդոնում շրջանային դատարանի դատավորի լիազորմամբ ոստիկանությունը առգրավել է Հաջիևի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի Cartier բրենդի 1,5 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ ադամանդյա մատանին:

Գործի հանգամանքների համաձայն՝ թանկարժեք մատանին բանկիրը գնել է Լոնդոնում 2011թ.։

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը 2018 թ. սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով՝ պահանջել է բացահայտել Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Հաջիևի և նրա կնոջ՝ Զամիրա Հաջիևայի  միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։

Գործակալությունը պահանջը ներկայացրել էր տարեսկզբին, և գործի վերաբերյալ դատավարություն էր սկսել, սակայն պատասխանող կողմի տվյալները հրապարակվել են միայն 2018 թ․ հոկտեմբերին։

Գործի հանգամանքների համաձայն՝ Զամիրա Հաջիևան վարել է շքեղ ապրելակերպ։

Փաստաթղթերում տեղ գտած տվյալներով նա 10 տարվա ընթացքում միայն Harrods հանրախանութում ծախսել է մոտ 16 մլն ֆունտ սթեռլինգ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել ավելի քան 20 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք։

Հաջիևների ունեցվածքի շուրջ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են ուսումնասիրել երկրի տարածքում բնակվող այն անձանց ակտիվները, որոնք կասկածվում են քրեական գործունեություն ծավալելու մեջ, ինչպես նաև եվրոպական տնտեսական տարածությունից դուրս գտնվող ազդեցիկ քաղաքական գործիչների ակտիվները։

Լոնդոնի գլխավոր դատարանը Զամիրա Հաջիևայից պահանջել է բացատրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել 11,5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ տունը և 11,5 մլն ֆունտ սթեռլինգ  արժողությամբ՝ Նայթսբրիջում գտնվող հողատարածքը և այդ միջոցների ծագման աղբյուրը։

Զամիրա Հաջիևան հրաժարվում է բացահայտել իր ահռելի կարողության ծագման աղբյուրը: Եթե Հաջիևան շարունակի թաքցնել, դատարանը կարող է առգրավել նրա անշարժ գույքը, այդ թվում՝ մոտ 20 մլն դոլար արժողությամբ 5-սենյականոց շքեղ բնակարանը Լոնդոնում, 15 մլն դոլարանոց գոլֆ ակումբն Ասկոտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս