
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկնել է Իսպանիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական շտաբի հետ մեկնել է Իսպանիա:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանն ու Աշոտ Ավետիսյանը մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ ծանոթանալու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացին և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպմանը:
Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:
Հունվարի 15-ին, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները կհետևեն Մադրիդի «Ատլետիկո» թիմի մարզմանը, իսկ երեկոյան կհանդիպեն Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին: