Բաժիններ՝

Ֆրանսիայում մեկնարկում են ազգային բանավեճերը, որոնք կոչված են հաշվի առնել «դեղին բաճկոնավորների» պահանջները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 15-ին կժամանի Գրան- Բուրտերուլդ քաղաք՝ բացելու ազգային բանավեճերը սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Դրանք անցկացվում են այն խոստման համաձայն, որը պետության ղեկավարը տվել է «դեղին բաճկոնավորների» շարժմանը, որոնք հանդես են գալիս կենսամակարդակի բարձրացման, գների ու հարկերի աճի սահմանափակման օգտին։

Le Figaro թերթի տվյալներով՝ նախագահի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին, հրավիրված են Ֆրանսիայի քաղաքների քաղաքագլուխները: Բանավեճերը կազմակերպվում են Համացանցի հատուկ հարթակում, որտեղ քաղաքացիները կկարողանան իրենց կարծիքը հայտնել ամենասուր հարցերի վերաբերյալ: Իշխանությունների հավաստիացմամբ, բանավեճերը կանցնեն «թափանցիկության եւ անաչառության մթնոլորտում»:

Ավելի վաղ Մակրոնը ֆրանսիացիներին հղած նամակում հայտարարել է, թե կցանկանար, որ որքան կարելի է շատ քաղաքացիներ մասնակցեն հունվարի 15-ին մեկնարկող ազգային քննարկումներին: Ֆրանսիայի ղեկավարը նաեւ նշել է, որ բանավեճերի ընթացքում, որոնք կշարունակվեն երկու ամիս՝ մինչեւ մարտի 15-ը, չեն կարող լինել արգելված թեմաներ: Նա ինքն առաջարկել է օրակարգում ներառել 35 հարց, գլխավորապես սոցիալ-տնտեսական բնույթի: Դրանց թվում են՝ հարկումը, ժողովրդավարությունը, բնապահպանությունը եւ ներգաղթը, ներառյալ ներգաղթի տարեկան բաժնաչափերի սահմանումը:

Նրա խոսքով՝ քննարկումները, որոնք կանցկացվեն մեկ ամսվա ընթացքում, այնուհետեւ կդրվեն նոր հանրային պայմանագրի հիմքում: «Այդպիսով, ձեր առաջարկությունները թույլ կտան նոր պայմանագիր ստեղծել ազգի համար, համակարգել կառավարության եւ խորհրդարանի գործողությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայի դիրքորոշումները եվրոպական ու միջազգային մակարդակներում»,- պարզաբանել է նախագահը:

Մակրոնն ընդգծել է, որ «այնպիսի մեծ երկիր, որպիսին Ֆրանսիան է, պետք է ավելի հաճախ լսի իր քաղաքացիների ձայնը»: Այս բանավեճը պետք է հնարավոր դարձնի զայրույթը վերածել որոշումների, հավելել է նա: Ազգային մեծ բանավեճերն այն միջոցառումներից մեկն է, որոնք Մակրոնն ազդարարել է հարկերի աճի եւ կենսամակարդակի անկման ֆոնին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքների ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս